211652_close_icon
views-count2035 դիտում article-date 12:28 30-09-2020

Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու, մայոր Վալերի Դանելինը․ ԱԳՆ-ն պահանջում է հակամարտության գոտուց թուրքական զինուժի անհապաղ դուրսբերում

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ․ «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու, մայոր Վալերի Դանելինը: Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հռթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ: Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, և Թուրքիան պետք է անսա այս կոչերին: Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց»:

Նմանատիպ նյութեր