211652_close_icon
views-count5968 դիտում article-date 16:31 30-09-2020

Արցախցի ռեժիսորի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից

Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական կինոնկարը, որն արծարծում է արցախյան թեման, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այս մասին «ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա հիշեցրել է, որ «Դրախտի դարպասը» ֆիլմն արտադրվել է Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ: «Այսօր Ջիվան Ավետիսյանի, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը: Վստահ ենք, սակայն, որ մերժելի և արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական և գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ընդգծել է փոխնախարարը: Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը՝ Ջիվան Ավետիսյանը, պատմել էր, որ որքան էլ փորձում են արվեստով առաջնորդվել, միևնույն է, հայտնվում են քաղաքական դաշտում: Ավետիսյանի խոսքով՝ գեղարվեստական գրականությունը, ֆիլմերը, առհասարակ, արվեստը սահմաններ չունեն: «Քիչ չեն օրինակները, երբ բռնացել են այս կամ այն գեղարվեստական արժեք ներկայացնող ստեղծագործությունը ի չիք դարձնելու համար, սակայն եթե այն գեղարվեստական արժեք է իրենից ներկայացնում, ապա վստահորեն ապրելու է և գտնելու է իր տեղը։ Մեր հարևանները փորձել են «YouTube»-ում արգելափակել «Դրախտի դարպասը» ֆիլմի թրեյլերը, եթե նույնիսկ դա նրանց հաջողվի, միևնույն է, ֆիլմն ապրելու է՝ շարունակելով ցուցադրություններն ամբողջ աշխարհում։ Մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած նպատակին՝ արվեստի բարձրարժեք գործերի ստեղծմանը»,-նշել էր Ավետիսյանը: «Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները: Ֆիլմում նկարահանվել են համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ։ Գլխավոր դերերում հանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից: «Դրախտի դարպասը» կինոնկարի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր