9808 դիտում
20:12 30-09-2020
Երբ մտածում էի Դավիթի ապագայի մասին, նրա ապագան ինձ պայծառ ու լուսավոր էր թվում, ցանկանում էր ծրագրավորող դառնալ. զոհված Դավիթ Հակոբանի մասին
Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած Դավիթ Հակոբյանը Աբովյան քաղաքից էր, ծնվել էր 2001 թվականին, հաճախել՝ Խաչատուր Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցը: Ընտանիքում երկու եղբայր էին, ինքը՝ մեծն էր:
[url=https://www.tert.am/am/news/2020/09/30/Hakobyan/3410622]Tert.am[/url]-ի հետ զրույցում Խ. Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոց տնօրեն Մետաքսյա Բաբայանը նշում է՝ թեև ինքը Դավիթին չի դասավանդել, սակայն լավ է ճանաչել, քանի որ դպրոցի լավագույն աշակերտներից էր, միասին հաճախ են օլիմպիադաների և հաղթանակներ բերել:
Տնօրենը ցավով պատմում է, որ ապագայի նկատմամբ մեծ ծրագրեր ուներ, որոշել էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակել դրսում՝ Քեմբրիջի կամ Հարվարդի համալսարանում: Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների հանդեպ գերազանց ունակություններ ուներ, սովորում էր Պետհամալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, սակայն առաջին կուրսի վերջում զորակոչվել է բանակ:
«Մայրը երաժշտական դպրոցում դաշնամուր բաժնի վարիչն է, իսկ հայրը՝ ռադիոմեխանիկ է: Օրինակելի ընտանիք էին, եղբայրը հիմա մեր դպրոցի 12-երորդ դասարանում է սովորում: Եղբայրը իր նման խելացի էր, այսօր հուղարկավորության ժամանակ ասաց, որ հպարտ է, որ իր եղբայրը մահացել է հանուն հայրենիքի: Դավիթը տաղանդավոր, չափազանց խելացի տղա էր, երբ մտածում էի իր ապագայի մասին, նրա ապագան ինձ պայծառ ու լուսավոր էր թվում, ցանկանում էր ծրագրավորող դառնալ»,-նշեց Մետաքսյա Բաբայանը:
Տնօրենը ընդգծեց, որ Դավիթը դասերից հաճախ էր ուշանում, դպրոցում ձանձրանում էր, քանի որ դպրոցում քիչ բան ուներ սովորելու, սակայն միշտ կանոնավոր հաճախում էր դպրոց:
«Վերջին զանգին լավագույն աշակերտներին պատվոգրեր էինք տալիս և իրեն էլ պետք է պատվոգիր տայինք, քանի որ մի քանի օլիմպիադաներում հաղթել էր, բացման խոսքից հետո բոլորի պատվոգրերը տվեցի. իրեն եմ փնտրում, որ հանձնեմ, չի գալիս, բոլորն ասում են ուշացել է, ծիծաղեցինք: Հետո ուշացած ճեղքելով եկավ առաջ, պատվոգիրը տվեցի և ծիծաղելով ասացի՝նույնիսկ Վերջին զանգի պատվոգիրը ստանալիս ես ուշանում, այսօր մայրը հիշելով այդ պատմությունը ասում էր՝ ամեն տեղ ուշանում էր, բայց հայրենիքի համար առաջինը զոհվեց»,-պատմեց Մետաքսյա Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)