211652_close_icon
views-count3565 դիտում article-date 10:11 06-10-2020

Պետք է սովորել ապրել պատերազմի պայմաններում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ այս տարվա մարտին պարզվեց, որ Հայաստանը չի կարող խուսափել կորոնավիրուսից, մեզ թվում էր, որ դա կտևի 1-2 շաբաթ, կամ, վատագույն դեպքում, 1-2 ամիս, հետո համավարակը կհաղթահարվի, և մենք կվերադառնանք սովորական կյանք: Բայց ապրիլին և հատկապես մայիսին պարզ դարձավ, որ համավարակային իրավիճակը Հայաստանում և աշխարհում երկար է տևելու, և դրա վերջն առայժմ չի երևում: Եվ մեր, ինչպես և աշխարհի բոլոր կառավարությունները, առաջ քաշեցին հետևյալ կարգախոսը՝ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Դա նշանակում է՝ պետք չէ սպասել, որ վաղը կամ մյուս օրը կորոնավիրուսը կհաղթահարվի, պետք է ապրել ոչ թե այդ սպասումով, այլ առօրյա կյանքով՝ կատարելով ամենօրյա պարտականությունները: Պատերազմի դեպքում դա առավել ևս այդպես է: Այո՛, մեր տղաները մարտի դաշտում հերոսաբար կռվում են թշնամու դեմ, այո՛, նրանք, ովքեր կրակել գիտեն, կամավոր գնացել են ռազմաճակատ: Բայց մենք այստեղ թիկունքում նույնպես անելիք ունենք: Պարզ է, չէ՞, որ, օրինակ, նույն կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների դերը պատերազմի պայմաններում չի նվազել, հակառակը՝ նրանց առաքելությունն, իմ կարծիքով, ավելի կարևոր է դառնում թե՛ առողջապահական, թե՛ անվտանգային տեսանկյունից: Կամ՝ պատերազմական պայմանները չեն նշանակում, որ ուսուցիչները պետք է ավելի վատ դասավանդեն, իսկ աշակերտներն՝ ավելի վատ սովորեն: Մեզ թե՛ այսօր, թե՛ վաղը կրթված և հայրենասեր քաղաքացիներ, զինվորներ են պետք: Պատահական չէ, որ մարտերի մեջ գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի մոռացել շնորհավորել ուսուցչի տոնը՝ նշելով, որ «այն ժողովուրդը, որն ունի նման նվիրյալ ուսուցիչներ ու սերունդ, տոնում է և կտոնի միայն հաղթանակներ»: Իսկ նրա մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը երեկ ծանուցել է, որ արցախցիների կենսաթոշակներն, ըստ ժամանակացույցի, փոխանցված են բանկային քարտերին: Եվ դա ճիշտ է՝ պատերազմական իրավիճակը չի ենթադրում, որ մարդիկ չպիտի ժամանակին ստանան իրենց թոշակները: Եվ նույնը կարելի է ասել ցանկացած ոլորտի մասին՝ բոլոր պետական և մասնավոր հիմնարկների աշխատանքը հավասարապես կարևոր է: Պարզ է, որ բոլորս սրտատրոփ լուրերի ենք սպասում ռազմաճակատից, հասկանալի է, որ բոլորիս ուշքն ու միտքն այնտեղ է: Բայց դա անգործության, պարտականությունների մեջ թերանալու արդարացում չէ. հատկապես 21-րդ դարում ռազմաճակատն ամեն տեղ է՝ ոչ միայն դիվանագիտության կամ քարոզչության մեջ, այլև բոլոր «խաղաղ» գործերում, ամեն մեկը պիտի գործ անի իր տեղում: Պատերազմը վաղը կամ մյուս օրը չի ավարտվելու: Պետք է սովորել ապրել պատերազմի պայմաններում»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր