211652_close_icon
views-count21701 դիտում article-date 10:34 08-10-2020

Չեմ կարծում, որ սա մեր վերջին պատերազմն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմի ժամանակ սխալ և անընդունելի մեկնաբանությունները հայկական օգտատերերի կողմից կարելի է բաժանել երկու տեսակի: Մարդիկ, իրենց զգացումներից կամ «հետաքրքիր տեղեկատվություն» հաղորդելու ցանկությունից ելնելով, հրապարակում են նկարներ և տեսանյութեր, որոնք պետք չէ հրապարակել, բաց կապով քննարկում են թեմաներ, որոնք պետք չէ քննարկել՝ չնայած մեր պետական մարմինները ամեն օր զգուշացնում են դրա մասին: Նույն՝ հուզական տեսակին են պատկանում տարբեր տեսակի կոչերն ու «խորհուրդները»՝ «այնտե՛ղ է պետք խփել», «ա՛յս զենքն է պետք օգտագործել», «ա՛յս բնակավայրն է պետք գրավել» և այլն: Կան նաև օգտատերեր, որոնց մեծ մասը, վստահ եմ, առանց որևէ վատ մտադրության տարածում է հակառակորդի քարոզչական նյութերը: Բոլոր այդ տեսակի սխալները գործող մեր հայրենակիցներին պետք է մատնացույց անել, թե ինչու են նրանց քայլերն անընդունելի, և այդ մարդիկ, կարծում եմ, կհասկանան ու այլևս կփորձեն զերծ մնալ նման այդ քայլերից: Ավելի բարդ է խոսել այն հայերի հետ, որոնք նույնիսկ պատերազմի պայմաններում շարունակում են ապրել քաղաքական կրքերով: Նույնիսկ հիմա, երբ ռազմաճակատում մեր զինվորները կենաց-մահու կռիվ են մղում, հիմա էլ նրանք առիթ և հնարավորություն են փնտրում իրար վարկաբեկելու, իրենց չարությունը համացանց թափելու, հայրենակցի հասցեին ասված «խարազանող խոսքով» ինքնահաստատվելու համար: Կարծում եմ, այս պահին դրա ժամանակը չէ: Իշխանությունը և նրա կողմնակիցները պետք է հասկանան, որ հիմա իրենց ընդդիմախոսների հետ հաշիվ մաքրելը պատեհ չէ: Ընդդիմադիր հայացքներ ունեցողները պետք է հասկանան, որ այժմ՝ քանի պատերազմ է ընթանում, անհրաժեշտ է համախմբվել Զինված ուժերի գլխավոր հրամանատարի շուրջ՝ անկախ նրանից, թե ով է այդ անձը: Պատերազմի այս փուլի ավարտից հետո, իհարկե, ամեն մեկը կգնա իր ճանապարհով: Բայց ես կարծում եմ, որ պատերազմից հետո էլ պետք է խուսափել նվիրական թեմաների շուրջ բանավեճեր ծավալելուց, դրանք շահարկելուց: Մասնավորապես, հաջորդ իշխանափոխությունից հետո չարժե խորհրդարանում ստեղծել «սեպտեմբերյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով»: Ավելին՝ ինձ թվում է, անգամ խաղաղ պայմաններում պետք է ցանկացած թեմայի շուրջ բանավիճելիս լինել զուսպ և իրար նկատմամբ նրբանկատ: Ես կշարունակեմ դա պնդել ի հեճուկս նրանց, ովքեր իմ ասածը «նաղլ» են համարում: Կշարունակեմ պնդել, որովհետև, ի տարբերություն շատ փորձագետների և մեկնաբանների, չեմ կարծում, որ սա մեր վերջին պատերազմն է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր