211652_close_icon
views-count359 դիտում article-date 10:30 09-10-2020

Մենք պատրաստ ենք դիմանալ ցանկացած «ինչպես»-ի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ադրբեջանի ղեկավարությունը, սեպտեմբերի 27-ին մեր դեմ պատերազմ սկսելով, հույս ուներ, որ կկարողանա Արցախը նվաճել մեկ-երկու օրում: Դա տեղի չունեցավ: Հետո՝ հոկտեմբերի 3-ին ևս մի հուսահատ փորձ արեց ներխուժելու ու դարձյալ ձախողվեց: Հիմա, կարծես թե, որոշել է մեզ հյուծել պատերազմով: Եվ դա նույնպես սին հույս է՝ երկուսուկես հազար տարում չենք հյուծվել, ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթում, կամ թեկուզ երկու ամսում: Եթե մարդն ունի «ինչի համար» հարցի պատասխանը, նա կարող է դիմանալ ցանկացած «ինչպես»-ի: Ֆրիդրիխ Նիցշեի խոսքերն են: 1946 թվականին Արևմուտքը պատերազմ էր հայտարարել Խորհրդային Միությանը: Պատերազմը կոչվում էր «սառը», որովհետև կողմերն անմիջականորեն իրար դեմ զենք չէին կիրառում, թեև մշտապես սպառնում էին: Բայց հիմնական «մարտադաշտը», կարծում եմ, մարդկանց ուղեղներն էին: 45 տարի տևող այդ պատերազմում Սովետը պարտություն կրեց. իհարկե, դրա բացատրություններից մեկն այն է, որ տնտեսության կազմակերպման «խորհրդային մեթոդը» խիստ անարդյունավետ էր և անտրամաբանական: Դա, իմ կարծիքով, ճիշտ է, բայց ավելի շուտ հետևանք է, քան պատճառ: Իսկ խորքային պատճառն այն էր, որ չկար խորհրդային ազգ և չկար խորհրդային կրոն: «Խորհրդային մարդ» կոչվող «նոր պատմական ընդհանրության» գաղափարը կեղծ էր՝ այն չէր ձևավորվել, և մենք մնացել էինք հայեր և ադրբեջանցիներ, ռուսներ և էստոնացիներ: Սրբերի մասունքները չէին կարող փոխարինվել դամբարանում Լենինի մասունքներով, ընտանեկան կապերի ամրությունը չէր խարխլվել Պավլիկ Մորոզովի մասին առասպելով: Ահա թե ինչու այդ հզոր պետությունը կործանվեց: Իսկ հայկական պետությունը կանգուն է, որովհետև հիմնված է իրականում գոյություն ունեցող արժեքների՝ Ազգի, Հավատի և Ընտանիքի վրա: Դրանք ավելի ուժեղ են, քան ցանկացած ամենաժամանակակից զենքի արկերը: Ոտնձգությունները Արցախի նկատմամբ մենք դիտարկում ենք որպես ոտնձգություն այդ արժեքների և, հետևաբար, մեր գոյության հանդեպ: Այդ է պատճառը, որ մենք պատրաստ ենք դիմանալ ցանկացած «ինչպես»-ի: Եվ ասելով «մենք», ես նկատի ունեմ ոչ թե 3 միլիոն, այլ 10 միլիոն մարդու: Այդքան մարդ է կանգնած Արցախի թիկունքին: ․․․ Իսկ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին անպայման արագ կվերականգնվի, և շատ մոտ ապագայում Պարգև սրբազանն այնտեղ Սուրբ պատարագ կմատուցի: Դրանում ոչ մի կասկած չունեմ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր