211652_close_icon
views-count42507 դիտում article-date 21:25 12-10-2020

Շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին. Նիկոլ Փաշինյանը՝ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Հայաստանի վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մեր այսօրվա հանդիպման առիթը հասկանալիորեն Արցախում տեղի ունեցող պատերազմն է, և շատ կարևոր եմ համարում այս փուլում մի քանի արձանագրումներ անելը: Առաջինը. Ադրբեջանն է, որ հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ՝ ի հեճուկս այն սկզբունքի, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, որը, ըստ էության, կարգավորման հիմքում դրված միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկն է: Հաջորդը. միանշանակ է, որ այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ ներգրավվածության պատրաստակամություն չցուցաբերեր և, ի վերջո, ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան: Ես ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունները մեկնարկել են որպես թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շարունակություն: Թուրքիայի ներգրավվածությունը և պատերազմի քաջալերանքը, կարծում եմ, նաև հրապարակային է: Ընդ որում, դա ոչ միայն այն ապացույցներով է հիմնավորվում, որոնք մենք մեր գործընկերներին փոխանցել ենք, այլև հենց հրապարակային հայտարարություններով: Եվ մինչ օրս էլ Թուրքիան շարունակում է ներգրավված մնալ ռազմական գործողություններին: Երրորդը. Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել է հակամարտության գոտի: Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց եկել Հարավային Կովկաս: Մեր գնահատմամբ՝ հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար: Բայց կրկին ցանկանում եմ ընդգծել, որ այդ քաղաքականության նպատակը ոչ թե էմոցիոնալ է կամ, այսպես ասած, պատմական վրեժի կոնտեքստում, այլ շատ պրակտիկ: Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, դեպի հյուսիս և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ տեղի ունեցողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Եվ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է: Ռազմական գործողությունները և դրանց բնույթը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ հայ ժողովուրդը, հայերը, Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են գոյութենական վտանգի ներքո: Եվ եթե Ղարաբաղի բնակավայրերը ռմբակոծելու քաղաքականությունը համադրում ենք այն ատելության քաղաքականության հետ, որը վերջին 15 տարում զարգացել է Ադրբեջանում, ակնհայտ է, որ Ադրբեջանի պաշտոնական քաղաքական նպատակն է՝ ոչնչացնել հայերին առնվազն Լեռնային Ղարաբաղում: Եվ, կարծում եմ, սրա ամենակարևոր սիմվոլը Ռամիլ Սաֆարովի գործն է, որի մանրամասները, հույս ունեմ, դուք գիտեք: Ըստ էության, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք: Եվ մեր գնահատականն այն է, որ այս հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել՝ • առաջինը՝ միջազգային հանրության կողմից վերը շարադրված փաստերի պաշտոնական արձանագրումը, • և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը: Ես ցանկանում եմ նաև անդրադառնալ ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հայկական կողմը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքները և այդպես շարունակ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ գործողություն ձեռնարկելու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ ոչ մի կերպ որևէ այլ միջոցով հնարավոր չէ կանգնեցնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հրթիռակոծումները: Դուք բոլորդ տեղյակ եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային կոչից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ընդունվել է հայտարարություն հրադադարի մասին, և հրադադարը չի պահպանվել Ադրբեջանի կողմից: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին: Մինչև հրադադարի՝ դե յուրե ուժի մեջ մտնելու պահը մարտական ինտենսիվ գործողություններ է վարել Ադրբեջանը, ինչը դե յուրե չի մտնում հրադադարի այս հայտարարության խախտման որևէ տրամաբանության մեջ: Բայց ժամը 12:00-ին հրադադարը պիտի մտներ ուժի մեջ, ժամը 12:05-ին Ադրբեջանը հարձակում է սկսել արդեն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, և Հադրութ քաղաքը գրավելու փորձ է արել: Այս պահին Հադրութի մերձակայքում տեղի են ունենում գործողություններ, և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուժերը փորձում են դուրս մղել այն դիվերսիոն խմբավորումներին, որոնք Հադրութը գրավելու փորձեր են արել: Այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում, և ըստ էության, հրադադար մենք չունենք: Հայաստանը հստակ արձանագրել է հրադադարի ռեժիմը պահպանելու հայտարարությունը, արդեն հայտարարության համաձայն մենք մեր մտադրությունների տակ ստորագրել ենք և հավատարիմ ենք այդ մտադրություններին: Այսինքն՝ հրադադար և հումանիտար գործողություններ, բանակցային գործընթացի մեկնարկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոփոխ ձևաչափով»: Հանդիպման ընթացքում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ցուցադրվել է տեսանյութ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական գործողությունների մասին: Տեսանյութը ներկայացնելուց հետո վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կադրերում ոչ միայն ռազմական ենթակառուցվածք, այլև որևէ զինվորական չի երևում, ինչը վկայում է այն մասին, որ սա հստակ գիտակցված հարված է հենց խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: «Իմ գնահատականը միանշանակ է՝ այս պատերազմում հայ ժողովուրդը փորձում է դիմադրել իր նկատմամբ սանձազերծված ցեղասպանությանը», – նկատել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, ովքեր անկեղծ ջանքեր են գործադրում բռնությունները կանգնեցնելու համար, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմին և նախագահ Դոնալդ Թրամփին: «Մեր ակնկալիքն է, որ համանախագահող երկրներն իրենց ջանքերը կշարունակեն գործադրել, և մենք պատրաստ ենք այս գործընթացում լինել կառուցողական: Բայց կարծում ենք, որ բանակցային գործընթացի վերականգնումը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, ինչպես ընդունված է Մոսկվայի հայտարարության մեջ», -նշել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ավստրիայի կանցլերին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, որոնց հետ հեռախոսազրույց է ունեցել և մտքեր փոխանակել իրավիճակի վերաբերյալ: Վարչապետը նաև բարձր է գնահատել հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների դիրքորոշումը, ովքեր այս իրավիճակում կարևորեցին Երևան գալը և նիստին մասնակցելը: Ն. Փաշինյանը երախտագիտության խոսք է հղել այս ընթացքում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում գործուն շահագրգռություն ցուցաբերած բոլոր գործընկերներին:

Նմանատիպ նյութեր