83497 դիտում
18:47 20-10-2020
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Land Cruiser–ն ու քարով բարձված ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է. ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի և ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել տուֆով, կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Toyota-ի վարորդն է եղել, ում Թալինի հիվանդանոցից տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+