211652_close_icon
views-count3899 դիտում article-date 14:43 22-10-2020

Առողջապահության նախարարությունը բնակչության ռիսկի խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ բնակչության ռիսկի խմբին կոչ անելով պատվաստվել սեզոնային գրիպի դեմ: Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը. «Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Պատվաստումները կատարվում են առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: Ռիսկի խմբերն են. [b]հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ), զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:[/b] Վերոհիշյալ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ: Նշենք, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) կամ այլ սուր շնչառական վարակներից: Այն պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից: Սակայն, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) և սեզոնային գրիպի ռիսկի խմբերը հիմնականում համընկնում են, մասնավորապես` տարեցները, քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները: Այդ պատճառով բնակչության ռիսկի խմբերին անհրաժեշտ է ստանալ պատվաստում սեզոնային գրիպի դեմ՝ առնվազն սեզոնային գրիպից պաշտպանված լինելու և բարդություններից խուսափելու համար»։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը Հանրապետության բոլոր պոլիկլիկաներում կատարվում է կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր