211652_close_icon
views-count2134 դիտում article-date 11:43 30-10-2020

Թշնամու արձակած հրթիռների և կրակահերթի տակ գերակատարում եք դրված խնդիրը. Արցախի ԱԻՊԾ տնօրենը շնորհավորել է փրկարարներին

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանը մասնագիտական տոնի առթիվ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․ «Ավանդաբար հոկտեմբերի 30-ին մենք նշում ենք Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը: Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը: Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ, հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին: Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր: Ուստի, հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն: Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար: Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Նույնն է բոլորիս ցանկությունը. Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր