759 դիտում
18:38 03-11-2020
Բարձրաստիճանների համատարած պարգևատրումը շարունակվում է, ծախսվող գումարներն աճելու են թռիչքաձև. ՀՅԴ-ական տնտեսագետ
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2021թ. պետական բյուջեի նախագիծը. պարզ է, որ նախագծի այս տարբերակը կենթարկվի որոշակի էական փոփոխությունների՝ ներկա իրողությունների հաշվառմամբ: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պետական բյուջեի այս նախագծի վերաբերյալ դեռ առիթ կլինի ներկայացնելու մասնագիտական դիրքորոշումներ, հատկապես՝ սոցիալ-տնտեսական պետական ծրագրերին վերաբերելի:
Նախնական քննարկումների այս փուլում ստիպված եմ կրկին անգամ անդրադառնալու նախորդ երկուսուկես տարիներին իրողություն դարձած, խնդրահարույց մի երեւույթի, որը հետեւողական կերպով հատում է հնարավոր բոլոր սահմանները:
Խոսքը վերաբերում է բարձրաստիճանների ամսական համատարած պրգեւատրումներին, որը նրանց փաստացի վճարվում է ոչ թե արդյունավետ աշխատանքի համար, այլ՝ որպես հավելում իրենց հիմնական աշխատավարձին՝ վերջինիս մեկուկեսից մինչեւ երկու անգամի չափով:
Նախ՝ տեղին է հիշեցնել.
Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետությունը առաջին հերթին եւ միջինից բարձր տեմպերով պետք է ապահովի աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը, այլ ոչ թե կրկնապատկի քաղաքական որոշումներ կայացնողների վարձատրությունը մեր բոլորի վճարած հարկերի հաշվին:
Հակառակի համար որեւէ հիմնավորում չի կարող ինքնին ծանրակշիռ լինել: Ի դեպ, նախորդ երկու տարիներին այս խնդրին վերաբերելի վիճակագրական ցուցանիշները եւ դրանց համեմատական գնահատումները բազմիցս ենք ներկայացրել:
Հաջորդը՝ բարձրաստիճանների խնդրահարույց պարգեւատրումների մասին խոսելիս ոլորտի պատասխանատուները պարբերաբար խոստանում են համակարգային ինչ-որ նոր լուծումներ ապահովել պետական հատվածի վարձատրության կարգավորումներում:
Անցել է շուրջ երկուսուկես տարի, իսկ լուծումները չկան: Ի դեպ, պետական հատվածի վարձատրության գործող ողջ համակարգը մշակվել է ընդամենը մեկ տարում եւ արդեն իսկ գործադրվում է շուրջ հինգ տարի: Նոր լուծումները ՉԿԱՆ, քանի որ նման իրավիճակում առկա է անսահման հայեցողություն՝ իրենց պարգեւատրումների չափերն ու պարբերականությունը որոշելու համար: Այս խնդրահարույց ձեւով պարգեւատրումների ֆոնին պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացվել: Այսինքն՝ կրտսեր եւ միջին պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված:
Փոխարենը՝ բացասական իներցիան շարունակվում է: Խոստացված համակարգային լուծումները նորից չկան: Սակայն 2021թ. նախատեսվում է պարգեւատրումներին հատկացվող պետական ծախսերն ավելացնել 21,7 տոկոսով կամ 18,825 միլիարդ ՀՀ դրամով: Սա անբացատրելի «թռիչք» է, եթե նկատի ունենանք, որ պետական ծառայողների հիմնական աշխատավարձերին հատկացվող ընդհանուր ֆոնդի աճը նախատեսվում է շուրջ 10 անգամ պակաս չափով:
Առկա իրավակարգավորումների ներքո զուգահեռ խնդիր է բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի աշխատանքի որակն ու իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների ծրագրային կատարողականը:
Մասնավորապես, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է.
«պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման եւ (կամ) հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար»:
Այսինքն՝ պարգեւատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու՝ հստակ տարբերակված գործառույթ: Այն չպետք է հավասարեցվի հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով եւ կարող են փոխվել միայն օրենքով:
Այս խնդիրներն արդարացնելու եւ բացատրելու փորձ անողներին հորդորում եմ 2021թ. համար նախատեսված պարգեւատրման գումարների աճի ցուցանիշներն առնվազն համեմատել նաեւ մեր երկրում միջին աշխատավարձի, կենսաթոշակների, անապահովության նպաստների չափերի կանխատեսվող աճերի ցուցանիշներին:
Իսկ եզրահանգումներ անելիս անհրաժեշտ է խորապես հաշվի առնել մեր շուրջն առկա իրողությունները:
Կարծում եմ այս փուլում այսքանը բավարար է՝ վեր կանգնելու անձնական շահագրռվածություններից եւ զերծ մնալու արատավոր այս պարգեւատրումներից՝ մինչեւ խոստացված համակարգային բարեփոխումները:
Նմանատիպ նյութեր
2056 դիտում
16:00 20-01-2020
Ի՞նչ եղան աշխատանքային օրենսդրության խոստացված բարեփոխումները. ՀՅԴ-ական տնտեսագետ
1337 դիտում
13:14 21-01-2019
ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում
Այս բաժնից
967 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1042 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1345 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ