211652_close_icon
views-count2063 դիտում article-date 14:58 05-11-2020

Արցախի դեմ պատերազմ սկսելու որոշումը մի շարք գործոնների համադրում էր, այդ թվում՝ ռուս-թուրքական մերձեցման. Մանուկ Սուքիասյան. «Արմնյուզ» ՀԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի տարբերություն նախորդ պատերազմների և բախումների՝ այս անգամ Արցախի և Հայաստանի դեմ պատերազմում ընդգծված դերակատար է Թուրքիան, և նրա վրա ներգործուն միջոցներ կա՛մ չկան, կա՛մ պետությունները խուսափում են դրանք գործածելուց, այդ պատճառով Թուրքիան շարունակում է իր ռազմատենչ կեցվածքը. վերջին մեկ-երկու տասնամյակում միջազգային իրավունքն ու միջազգային կառույցները իրավիճակային մեկնաբանման առարկա են, և եթե կա քաղաքական որոշում, կարելի է հիմնավորել ցանկացած քայլ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Առաքելություն» կուսակցության համահիմնադիր Մանուկ Սուքիասյանը: «Մենք այսօր ուղղակիորեն Թուրքիայի հետ ենք բախվում, սա ցցուն օրինակ է, թե ինչպես ԱՄՆ-ն՝ ի հեճուկս ՌԴ-ի, հիբրիդ պետություն աճեցրեց տարածաշրջանում: ՌԴ-ն էլ հասկանում է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից անկառավարելի է: Տարիներ շարունակ ընթացող սպառազինությունների մրցավազքը պետք է նման հանգուցալուծում ունենար, այդքան զենքը չէր մնալու պահեստներում, հատկապես Ադրբեջանում, որը միշտ մաքսիմալիստական մոտեցում է ցուցաբերել: Այլ հարց, որ պատերազմ սկսելու համար մի շարք գործոններ պետք է համադրվեին»,- ասել է քաղաքական գործիչը: Ըստ Սուքիասյանի՝ պատերազմին նպաստած գործոններից է ռուս-թուրքական մերձեցումը, որը բարենպաստ դեր խաղաց Ադրբեջանի համար. «Եվրասիական մայրցամաքում Թուրքիան և ՌԴ-ն վերջին երկու պետություններն են, որոնք ունեն կառավարման կայսերական ինստիտուցիոնալ հիշողություն: Այդ պետությունները մի կողմից ձգում են իրար, քանի որ կառավարման և հավակնությունների առումով նման են, բայց նաև վանում են, քանի որ նրանց ազգային շահերը հակադիր են: Կնճռոտ են նաև հայ-իրանական հարաբերությունները, և խոսքը միայն Իսրայելում ՀՀ դեսպանության բացման մասին չէ: Ադրբեջանը, օրինակ, Իսրայելում չունի դեսպանատուն»: Քաղաքական գործչի կարծիքով՝ այսպես կոչված «լավրովյան պլանը», որով առաջարկվում է լուծել հակամարտությունը, ինքնին լուծում չի պարունակում, այն վերաբերում է հետևանքներին, ոչ թե պատճառին. «ՌԴ նախագահի անդրադարձը երկու կողմերի շահերին առանձնահատուկ էյֆորիա առաջացրեց Հայաստանում, քանի որ, օրինակ, Պուտինը հիշատակել էր Սումգայիթի ջարդերը: Մինչդեռ այս հակամարտության պատճառը Արցախի վարչական ենթակայությունն էր Ադրբեջանին, և եթե այդ հարցը չի լուծվում, փոխարենը խաղաղության համաձայնագրով յոթ շրջան ենք վերադարձնում, դա նշանակում է Արցախը նորից դարձնել անկլավ»: Մանուկ Սուքիասյանի պնդմամբ՝ երրորդ նախագահի պաշտոնավարման վերջին տարիներին ի հայտ եկած «լավրովյան պլանը» և հակամարտությունը կարգավորելու պարտադրանքը դարձան 2018-ի Թավշյա հեղափոխության անդրկուլիսյան դետոնատորը: «2016-ի ապրիլյան մարտերից հետո պետք է շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքեր տեղադրվեին, դիտորդների թիվն ավելանար: Դա իրականություն չդարձավ Ադրբեջանի պատճառով, միջազգային հանրությունը կամք և հետևողականության չցուցաբերեց: Սա վկայում է, որ միջազգային հանրություն կոնցեպտը շատ հարաբերական և իրավիճակային է»,- ամփոփել է քաղաքական գործիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր