211652_close_icon
views-count6436 դիտում article-date 10:11 12-11-2020

Դիմում իշխանավոր բարեկամներիս․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմի ժամանակ պետք է անել այն, ինչ հրամայում է գերագույն հրամանատարը՝ ով էլ լինի, և ավել-պակաս չխոսել, առավել ևս՝ հրաժարականներ պահանջել: Երբ նոր պատերազմ սկսվի (իսկ դրանում ես չեմ կասկածում), էլի նույնն եմ ասելու՝ դարձյալ անկախ առաջին դեմքի անձից: Բայց այս մի պատերազմն ավարտվել է՝ ցավոք, անպատվաբեր կապիտուլյացիայով: Եվ հիմա ես ուզում եմ դիմել իշխանավորներին, որոնց դեմ, իհարկե, անձնապես ոչինչ չունեմ և, հակառակը, բարեկամաբար եմ տրամադրված, թեկուզ այն պատճառով, որ նրանց մի մասը դուրս է եկել իմ՝ լրագրողական միջավայրից: Հարգելի՛ իշխանավորներ՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ: Ես հասկանում եմ, որ իշխանությունը քաղցր բան է: Ձեր մեծ մասին փողը չի հետաքրքրում, և դրանով դուք տարբերվում եք նախորդներից: Շատ ապրեք: Ձեզ հետաքրքրում է բուն իշխանությունը՝ կարևորված զգալը, մարդկանց վերևից նայելը, կաբինետները, հրամայելը, իշխելը, «գյադեք ես կողմ, գյադեք էն կողմ» անելը և այլն: Դեմ չէի լինի, եթե հանդարտ իրավիճակում դուք շարունակեիք վայելել այդ «անմեղ» (նախորդների կոռուպցիայի հետ համեմատ) հաճույքները: Բայց հասկացեք, սիրելիներս, որ այդ ամենը բոլոր դեպքերում շուտով վերջանալու է: Հարցն այն է, թե ԻՆՉՊԵՍ է վերջանալու: Կա, ըստ էության, երկու տարբերակ: 1/ Դուք մնացած՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ խնդիրը պահում եք քաղաքական, սահմանադրական շրջանակներում, քննարկում եք վարչապետի հրաժարականը, խորհրդարանի լուծարումը և արտահերթ ընտրությունները, որոնց, բնականաբար, «Իմ քայլը» նույնպես կարող է մասնակցել: 2/ Մի քիչ էլ եք երկարաձգում ձեր իշխանությունը՝ արդարանում եք, պարտության համար մեղադրում եք բոլորին՝ Ծառուկյանից սկսած Աշոտյանի վարորդով վերջացրած, սպառնում եք «նախկինների» վերադարձով (հավանաբար, ենթադրելով, որ մեր ժողովուրդը մազոխիստ է և նրանց ձայն կտա): Այդ ընթացքում Արցախից Հայաստան են գալիս հազարավոր գաղթականները՝ հայրենիք, հարազատներ և ունեցվածք կորցրած, և… ձեր հանդեպ ցասումով լցված: Գալիս են նաև պատերազմի մասնակիցները, շատերը՝ զինված: Այդ դեպքում նույնպես դուք կզրկվեք իշխանությունից, և քարոզչությունը, «լայվերը», ֆեյքերը, ձեր մոլեռանդ երկրպագուները ձեզ ոչնչով չեն օգնի: Ընդդիմադիր քաղաքական գործիչները նույնիսկ ոչինչ չեն կարողանա անել: Այդ՝ երկրորդ տարբերակը չափազանց վտանգավոր է, որովհետև կարող է բերել քաոսի, անիշխանության, գուցեև քաղաքացիական պատերազմի: Ընտրությունը ձերն է: Ձեր մեջ բազմաթիվ խելացի մարդիկ կան, և հենց դո՛ւք՝ խելացիներդ, պետք է բացատրեք նրանց, ովքեր կարծում են, թե կարճ ժամանակ անց ամեն ինչ կվերադառնա մինչև սեպտեմբերի 27-ը եղած վիճակին, որ իրենք սխալվում են: Հիշեցման կարգով ասեմ, որ 95-96 թվականներին ժողովրդի մեծամասնությունը ցասումով էր լցված պատմական հաղթանակ ապահոված Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ: Դրա համար էլ, իհարկե, պատճառներ կային»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր