Ռուս խաղաղապահներին տեղափոխող 4 Իլ-76 ինքնաթիռ վայրէջք է կատարել Երևանում
Այսօր առավոտյան Ուլյանովսկից մեկնած ռուս խաղաղապահներին տեղափոխող չորս Իլ-76 ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանի օդակայաններում։
Ինչպես հաղորդում է [url=https://ria.ru/20201112/mirotvortsy-1584307867.html?fbclid=IwAR0TSXGsdZms3_65wrFTB1KhwJ36vxTNzhd7SKRXEhJRjMichKdXDw1fVhE]ria.ru[/url]-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, արդեն սկսվել են ինքնաթիռների բեռնաթափման աշխատանքները։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի չորս Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները, որոնք այսօր առավոտյան օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից ու մեկնել Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների անցկացմանը մասնակցելու համար 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներին տեղափոխելու նպատակով, վայրէջք են կատարել Երևան քաղաքի օդակայաններում», - ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անձնակազմն արդեն իսկ սկսել է բեռնաթափել նյութական ռեսուրսները, զրահամեքենաներն ու ավտոմեքենաները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։