211652_close_icon
views-count2285 դիտում article-date 21:14 12-11-2020

Շվեդիան շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը միտված ջանքերին. Ան Լինդե

Շվեդիան, որը տարվա վերջում ստանձնելու ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին: Այս մասին ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն՝ պատասխանելով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Բյորն Սյոդերի և Ռոբերտ Հալեֆի հարցերին: «Կառավարությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գիշերը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Հիմա մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ բերված համաձայնությունների վերաբերյալ, և թե ինչպես են դրանք իրականացվելու: Հասկանալի է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել և դեռ շատ հարցեր կան լուծելու: Դրա համար կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը պահպանեն հավատարմությունը երկարաժամկետ և կայուն կարգավորմանը բանակցությունների միջոցով: Տարվա վերջում, ընդունելով նախագահությունը ԵԱՀԿ-ում, ես կշարունակեմ աջակցել այդ ջանքերին»,- ասել է Լինդեն: Նա հավելել է, որ ԼՂ հակամարտության գոտում մարտերը ինտենսիվ են եղել և մարդկանց տառապանք են պատճառել ու զգալի վնասներ: «Շվեդիան դատապարտում է հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Անհրաժեշտ է հետևել միջազգային հումանիտար իրավունքին: Հումանիտար իրավիճակը շատ կարևոր է: Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել հակամարտության գոտին, իսկ բնակեցված շրջանները և քաղաքացիական օբյեկտները, ինչպիսիք են դպրոցները և հիվանդանոցները, ավերվել են»,- նշել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի է բարդացել կորոնավիրուսի տարածման պայմաններում, ինչին իշխանությունները չեն կարողացել պատշաճ արձագանքել մարտական գործողությունների հետևանքով:

Նմանատիպ նյութեր