211652_close_icon
views-count1753 դիտում article-date 10:17 13-11-2020

Արցախի խնդրի կարգավորման շուրջ զարգացումներն առջևում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական պատվիրակությունը այսօր՝ նոյեմբերի 13-ին, կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար։ Նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հուշագիր էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում, կենտրոնը պետք է հետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը, տեղեկություն հավաքի, ամփոփի և ստուգի հրադադարը խախտելու մասին ամբողջ տեղեկությունը։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ խոսեց նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին` ասելով, որ անհրաժեշտ է քննարկել կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը` հաշվի առնելով բոլոր մարդկանց իրավունքները, այնտեղ ապրող մարդկանց, և այն մարդկանց, որ այնտեղ ապրել են և պետք է վերադառնան: Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա: Իսկ դրան զուգահեռ ՀՀ ԱԳՆ-ն էլ երեկ խոսեց Մինսկի խմբի ֆորմատի պահպանման մասին և այդ շրջանակներում հետագա քայլերը կատարելու, ընդ որում՝ այս հարցը կարևորել են նաև համանախագահ մյուս երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: «Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և հենց այս ձևաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը: Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտեց Արցախի կարգավիճակի և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը», – ասված է հայտարարության մեջ: Այսինքն՝ սա ամենևին էլ Ղարաբաղյան հարցի կարգավորում չէր, սա, ըստ էության, սկիզբն էր, և առաջիկայում հարցը պետք է կարգավորվի արդեն բանակցությունների միջոցով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր