211652_close_icon
views-count1573 դիտում article-date 11:11 13-11-2020

Պետք է ընտրվի քաղաքական ուղին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում այդպես էլ չստեղծվեց լիարժեք քաղաքական համակարգ: Կա Ազգային ժողով, կա խորհրդարանական մեծամասնություն, ընդդիմություն, կան արտախորհրդարանական ուժեր: Բայց համակարգը որպես այդպիսին չի գործում: Հակառակ դեպքում այս ճգնաժամի պայմաններում խորհրդարանական երկրում Ազգային ժողովը վաղուց պետք է արտահերթ նիստ գումարեր և քննարկեր ստեղծված իրավիճակը: Բայց մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» խմբակցությունը ոչ միայն չի ուզում գալ խորհրդարան, այլև չի ուզում պատասխանել լրագրողների հարցերին, հավանաբար, այդպիսի հրահանգ է ստացել վարչապետից: Դրանով խիստ կասկածի տակ են դրվում «պատգամավոր» և «խորհրդարան» հասկացությունները: Իհարկե, իշխանական պատգամավորները երբեմն ֆեյսբուքում գրառումներ են անում իրենց սիրած «նախկինների» թեմայով՝ փորձելով տանել քարոզչական այն թեզը, թե իրենց իշխանության միակ այլընտրանքն են «թալանչիները», որոնց պատճառով, ըստ իրենց, մենք պարտություն կրեցինք պատերազմում: Բայց նույն քարոզչական թեզերն է ներկայացնում են նաև «ֆեյքերի ֆաբրիկան» և Փաշինյանի «ֆան-ակումբը»: Դրա համար պետք չէ լինել պատգամավոր, անգամ անհատ օգտատեր, իրական մարդ էլ կարելի է չլինել՝ այդ նույն աշխատանքը կատարում են ավտոմատացված ծրագրերը: ՔՊ-ի կամ «Իմ քայլի» վիճակն այդպիսին է: Բայց մնացած կուսակցությունների ազդեցությունը հասարակության վրա նույնպես չնչին է՝ չնայած դրանց մի մասն ունի շարքեր: Բայց տեսեք, թե որն էր այդ կուսակցությունների դիսկուրսը պատերազմից առաջ. օրակարգերը տարբեր էին, բայց դրանց մեջ ամենևին առաջնային չէր Արցախը կորցնելու վտանգը: Միակ բացառությունը թերևս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն էր, որի առաջնորդ Տեր-Պետրոսյանն, ըստ էության, առաջարկում էր գնալ իրապես «ցավոտ փոխզիջումների», որի համար հերթական անգամ արժանացավ «դավաճանի» պիտակի: Բայց ինչպես հիմա է պարզ, այդ փոխզիջումների այլընտրանքը կապիտուլյացիան է, մարդկային և տարածքային սարսափելի կորուստներով ու Հայաստանի տարածքի վրա կախված վտանգով: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք այդպիսի՛ կուսակցություններ, այդպիսի՛ խորհրդարան: Եթե մենք ասենք՝ «այդ կուսակցությունները, այդ խորհրդարանը հեչ բան են, ժողովուրդն է ամեն որոշում», դա կնշանակի, որ մենք կողմ ենք առաջացած խնդիրների ոչ սահմանադրական, ոչ քաղաքական լուծմանը: 2018 թվականին խնդիրը լուծվեց փողոցի միջոցով: (Ի դեպ, դուռը կոտրելով Ռադիոտան շենք մտնողները, ինչպես նաև այլ պետական հիմնարկներ ներխուժողները «ջարդարարներ» չէին, նրանք «ժողովրդի ներկայացուցիչներ» էին): Բայց այս անգամ, եթե չընտրվի քաղաքական ճանապարհը, ամեն ինչ նույնքան «թավշյա» չի լինելու՝ դրա մասին ես գրել էի նախորդ խմբագրականում: Բնական է, որ այդ երկու ճանապարհների միջև ընտրություն պետք է կատարի իշխանությունը: Առայժմ չի երևում, որ այն ուզում է խուսափել իրավիճակը սրելուց: Ինչը ցավալի է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր