211652_close_icon
views-count3221 դիտում article-date 15:33 16-11-2020

Նիկոլ Փաշինյանը՝ Շուշին հանձնելու խոսակցությունների մասին

«Շատ են ասում, որ Շուշին հանձնվել է: Կարդացի Արցախի նախագահի գրառումն այն մասին, որ աշխատանքների արդյունքում Շուշիի մատույցներից 100-ից ավելի մարմիններ են դուրս բերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ դեպքում զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել: Ավելին ասեմ ձեզ, կային հայտարարություններ, թե կան կոնկրետ տվյալներ, անուններ, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին, փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը: Որքան տեղյակ եմ հեղինակը խուսափել է պատասխանել: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ կա դավաճանություն, ունի տեղեկություն և հետո իրավապահներին հրաժարվում է կոնկրետ տեղեկություն տալ, ստացվում է մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկն ասում է, որ չի վստահում իրավապահներին, թող հրապարակային հայտարարի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է, ցավոք, դիվերսիոն խմբերով եղավ ներթափանցում քաղաք, և մենք կորցրեցինք Շուշին»,- այսօր նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շուշին հանձնելու մասին խոսակցություններին: Ինչպես ասաց` Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք:

Նմանատիպ նյութեր