211652_close_icon
views-count1412 դիտում article-date 23:39 17-11-2020

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ֆրանսիայի Կառավարությանն ու միջազգային հանրությանը նույնպես ճանաչելու կոչ են անում։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994թ․-ից ի վեր անկայուն հրադադարով սառեցված Ղարաբաղյան հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով ինքնորոշված հանրապետության դեմ: Ադրբեջանական բանակը, որի կազմում ներգրավված էին Սիրիայում ջիհադիստական խմբերում ծառայած վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ առաջացրեց Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որն ուղեկցվեց զինված հակամարտության միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով: Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Այդ ռմբակոծությունների զոհ են դարձել բազմաթիվ խաղաղ բնակիչներ և արտաքսման ենթարկվել հազարավոր արցախցիներ: Նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ 44-օրյա արյունալի մարտերից հետո, Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո ստորագրված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտավ՝ ֆիքսելով հակամարտության կողմերի դիրքերը: Չնայած, որ այդ համաձայնագրի վերջնական դրույթներն ամենևին էլ գոհացուցիչ չեն, դրանք օգնում են առնվազն փրկել կյանքեր երկու կողմերից: Տարածքային կորուստները, այնուամենայնիվ, կարող են հանգեցնել ծայրահեղ վատ իրավիճակի՝ Արցախի բազմահազարամյա ժառանգության, 4-րդ, 8-րդ կամ 10-րդ դարի նրա հարյուրավոր վանքերի և եկեղեցիների պահպանման հարցում… Այդ առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով՝ նկատի առնելով բոլոր աննախադեպ ավերումները, որ իրականացվել են քաղաքում, այդ թվում` վերջերս վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ: Այսուհետ, մեր պարտքն է այլևս չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային։ Մենք պետք է վերահաստատենք մեր ողջ զորակցությունը բարեկամ ժողովրդին՝ սատարելով հայ բնակչության վերադարձին իրենց պապենական հողեր: 1991թ․ սեպտեմբերի 2-ին իր անկախության հռչակումից ի վեր, որը ամրագրվել է 1991թ․ դեկտեմբերի 10-ին լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը սեփական ժողովրդի համար մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում: Ամբողջացնելով միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը) այսուհետ պետք է համարվի, որպես այդպիսին, իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողին, ընդհանուր լեզվով, միասնական պատմությամբ, ժառանգած մշակույթով և դավանած կրոնով: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը` Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար: Ֆրանսիան, որը հավասարակշռված քաղաքականություն վարող գերտերություն է, հազարամյա բարեկամական կապեր ունի Հայաստանի հետ և ավելի քան 100 տարուց ի վեր պատմական և համընդհանուր պատասխանատվություն է կրում այն ցեղասպանության նկատմամբ, որի զոհ դարձավ հայ ժողովուրդը 1915 թ․-ին: Այս բարեկամությունն իր արտահայտումն է գտնում այն հարաբերություններում, որոնք երկար տարիներ ի վեր գոյություն ունեն մեր քաղաքների ու շրջանների և Հայաստանի կամ Արցախի համայնքների միջև: Հետևաբար, մենք՝ այս կոչը ստորագրած քաղաքապետերս և տեղական ընտրված ներկայացուցիչներս, ճանաչելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, որպես նրա բնակիչների անվտանգության երաշխավորման և դեռևս Արցախին սպառնացող էթնիկական զտումների կանխարգելման միակ արդյունավետ միջոց, այսօր կոչ ենք անում միջազգային հանրությանն այս ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Այս ամենից ելնելով՝ մենք առաջին հերթին հորդորում ենք Ֆրանսիայի կառավարությանը դուրս գալ իր բարեհաճ չեզոքությունից՝ ճանաչելով Արցախը, և աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղ գործընթացին, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները՝ հանդիսանալով տրամաբանական և արդյունավետ քայլ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում: Առաջին ստորագրողներն են՝ [b]քաղաքապետեր – Նիկոլա Դարագոն, Վալանսի (Դրոմ) քաղաքապետ – Լորանս Ֆոտրա, Դեսինի քաղաքապետ (Ռոն) – Թիերի Կովակս, Վիենի քաղաքապետ (Իզեր) – Էրվե Ռեյնո, Սոն Շամոնի քաղաքապետ (Լուար) – Ֆիլիպ Մարինի, Կոմպիեյնի քաղաքապետ (Ուազ) – Ռիշար Մալիե, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն) – Միշել Ամիել, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն) – Ժան-Ժակ Գիյե, Շավիյի քաղաքապետ (Օ-դը-Սեն) – Լյուկ Կարվունաս, Ալֆորվիլի քաղաքապետ (Օ-դը-Սեն) – Մոդ Տալե, Շան-սյուղ-Մաղնի քաղաքապետ (Սեն-է-Մաղն) – Մարի-Էլեն Թողավալ, Ռոման-սյուղ-Իզեղի քաղաքապետ (Դրոմ) – Մարլեն Մուրիե, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ (Դրոմ) – Նատալի Նիեզոն, Բուրգ-դը-Պեաժի քաղաքապետ (Դրոմ) – Կրիստիան Գոտիե, Շատյուզանժ-լը-Գուբե քաղաքապետ (Դրոմ) – Սիլվի Գոշե, Գիլերան-Գրանժի քաղաքապետ (Արդեշ)»։[/b]

Նմանատիպ նյութեր