211652_close_icon
views-count3881 դիտում article-date 10:38 11-12-2020

Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները ԼՂ հակամարտության համատեքստում․ «Ամերիկայի ձայն»

ՌԴ ու Թուրքիան շարունակում են ակտիվորեն քննարկել ԼՂ հակամարտության հարցեր: Կողմերն ունեն նաև անհամաձայնություններ: Անորոշ է՝ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Բայդենի վարչակազմը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5695430.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Վաշնգտոնը շատ հարցեր ունի ՌԴ միջնորդությամբ հրադադարի, ԼՂ հարցում Թուրքիայի դերակատարության մասին, օրերս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով ԱՄՆ մտահոգությունները Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրած զինամթերքի վերաբերյալ: Վերլուծաբան Մայքլ Ռուբինը շեշտում է՝ եռակողմ հայտարարությունը զինադադար է, այլ ոչ խաղաղության պայմանագիր, որի մանրամասները պետք է որոշվեն բանակցային ճանապարհով: Խնդրահարույց է հատկապես, ըստ փորձագետի, Ադրբեջանի հետ Նախիջևանը կապող միջանցքի դրույթը, որը շատ հարցերի տեղիք է տալիս, ներառյալ միջանցքի վերահսկողության և այլ խնդիրների շուրջ: Այն խնդրահարույց է նաև Թուրքիայի ու ՌԴ հարաբերությունների համատեքստում: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է Հարավային Կովկասում թուրքերի հաստատման հարցը: Դա չի բխում Ռուսաստանի շահերից: Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ: Չեմ բացառում, որ ռուսները կարող են ներքաշվել շատ ավելի լայն հակամարտության մեջ: Եվ այդ դեպքում սա իսկապես վտանգավոր սցենար է, երբ ՌԴ հակամարտության մեջ է ՆԱՏՕ-ի անդամի հետ»,- ասում է նա: Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Քալին օրերս ընդգծել է, որ Անկարան համաձայն չէ ԼՂ հակամարտությունում Հայաստանի մոտեցումների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումների հետ: Նրա կարծիքով արևմտյան տերությունները պետք է որպես ձեռքբերում դիտարկեն Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը: «Եթե նրանք հարց բարձրացնեն ռուսների այնտեղ ներկայության մասին առաջիկա հինգ գումարած հինգ տարիներին, ապա առաջարկում եմ հիշել պատմությունը: Ռուսներն այնտեղ են ավելի քան 100 տարի: Եթե նրանք իսկապես մտահոգված են ՌԴ ռազմական ներկայությամբ, ապա կարող են խնդրել Հայաստանի կառավարությանը վերջ դնել ՀՀ-ում ռուսական ռազմակայաններին»,- ասել է նա: Ղարաբաղն այսօր գտնվում է հիմնականում Ռուսաստանի վերահսկողության տակ, ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վալն ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին տված հարցազրույցում: Մոսկվայի համար այն ունի ռազմավարական նշանակություն, որը ՌԴ չի ցանկանում կորցնել, նշում է վերլուծաբանը: Այսօր ԼՂ հարցը շարունակում է գտնվել ռուս-թուրքական երկխոսության կենտրում: ՌԴ ԱԳՆ տեղեկությամբ, դեկտեմբերի 10-ին ՌԴ ու Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են համատեղ դիտարկման կենտրոնի շրջանակներում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման և երկու երկրների ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման համար: Մայքլ Ռուբինի կարծիքով, սակայն, այսօր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պարունակում է սպառնալիքներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը՝ հաշվի առնելով ռուսական և թուրքական ռազմական ներկայությունը: «Ալիևը կարող է խոսել հաղթանակի մասին, բայց նա հիմնականում կորցրել է Ադրբեջանի ինքնիշխանությունը: Միևնույն ժամանակ, հատկապես հայկական ընդդիմության շրջանում գոյություն ունեն մոտեցումներ, որ եթե Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով առկա են անվտանգության սպառնալիքներ, ապա, միգուցե, հնարավոր է անվտանգություն ձեռք բերել ՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատելով ՌԴ-ի հետ, անգամ ՀՀ-ի ինքնիշխանության հաշվին»,- նշում է Ռուբինը: Նա այս առումով կարևորում է ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում: Ըստ նրա, Վաշինգտոնը դասեր քաղեց Թրամփի ու Օբամայի օրոք այս տարածաշրջանի խնդիրներն անտեսելուց, սակայն նոր վարչակազմի մոտեցումներն այս հարցերում դեռևս պարզ չեն: Պատրաստ է արդյոք Բայդենի կառավարությունը քայլեր ձեռնարկել՝ Մինսկի խմբի շրջանակում Թուրքիային և Ռուսաստանին սաստելու համար: Արդյո՞ք այս քայլերը ուշացած չեն և արդյո՞ք հետաքրքված կլինի ամերիկյան նոր վարչակազմն այս տարածաշրջանի հարցերով՝ հաշվի առնելով ԱՄՆ առջև ծառացած բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերները: Այս և նմանատիպ շատ այլ հարցեր, ըստ Ռուբինի, դեռևս մնում են անորոշ:

Նմանատիպ նյութեր