211652_close_icon
views-count1176 դիտում article-date 11:35 17-12-2020

Ֆրանսիայի Կլամարի քաղաքային խորհուրդը Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: «Բանաձևում, մասնավորապես, նշված է՝ Ֆրանսիան, ելնելով Հայաստանի հետ ունեցած իր պատմական բարեկամական կապերից, պետք է մեծ դեր խաղա կայուն քաղաքական և խաղաղ լուծման հարցում: Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր, պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի»,- ասված է գրառման մեջ: Քաղաքային խորհուրդը նշել է, որ այս ճանաչումը թույլ կտա հող պատրաստել Ազգերի միջազգային ճանաչման ուղին հարթելու համար՝ արդյունավետորեն երաշխավորելով սահմանների ամբողջականությունն ու պաշտպանելով խաղաղ ապրելու իրավունք ունեցող իր ժողովրդին: «Հետևաբար, Կլամարի՝ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած քաղաքային խորհուրդը կոչ է անում Հանրապետության Նախագահին՝ ներգրավել Ֆրանսիան հակամարտության վերջնական կարգավորման, խաղաղ գործընթացի կյանքի կոչման և Լեռնային Ղարաբաղի անհապաղ ճանաչման գործընթացի մեջ, վերացնել քաղաքային համայնքների առջև դրված` Արցախի Հանրապետության հետ ինստիտուցիոնալ կապեր ունենալու արգելքը»,- նշված է բանաձևում:

Նմանատիպ նյութեր