211652_close_icon
views-count2034 դիտում article-date 13:16 30-12-2020

Մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները տնտեսվարողները կարող են կատարել բանկային քարտի միջոցով․ գործարկվել է փորձնական ծրագիր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները: Կոմիտեն մաքսային մարմնի միասնական տեղեկատվական համակարգի «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգում փորձնական գործարկել է մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակ: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, բանկ հաճախելու փոխարեն, նոր համակարգի շնորհիվ այժմ իրենց գրասենյակներից կարող են առցանց հարթակում ֆինանսական պարտավորությունները կատարել բանկային քարտով վճարման միջոցով: Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով անմիջապես մուտք են գործում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» և հաշված րոպեների ընթացքում կատարում անհրաժեշտ վճարումները: Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից գործողությունները շարունակելու հիմք է հանդիսանում: Բանկային քարտով պարզ և արագ մաքսային վճարումներից բացի տնտեսվարողը նաև տեղեկատվություն է ստանում գանձապետական համապատասխան հաշվեհամարին գումարի մուտքագրման վերաբերյալ, որն էլ իր հերթին կրճատում է ապրանքների բացթողման վրա ծախսվող ժամանակը: Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու առումով: Փորձնական ծրագրի հաջող ավարտից հետո նոր համակարգը կգործարկվի ամբողջությամբ:

Նմանատիպ նյութեր