211652_close_icon
views-count1351 դիտում article-date 18:28 08-01-2021

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար 1992 թ. Բիշքեկի համաձայնագրի իրավական նորմերը դե ֆակտո չեն գործում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել պարզաբանմամբ Ադրբեջանի քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի չգործելու վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասվում է․ «1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։ Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից։ Վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում»:

Նմանատիպ նյութեր