211652_close_icon
views-count1440 դիտում article-date 14:01 19-01-2021

Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: «Նրա գործունեության ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ շատ բարդ է եղել և նա պատվով է կատարել իր աշխատանքը: Եվ ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Արսեն Թորոսյանին նոր կարգավիճակում և ձևակերպել խնդիրը, որը դրված է նրա առաջ: «Ընդհանրապես մենք բոլորս և պետական կառավարման համակարգը՝ որպես երկրի իրավիճակի պատասխանատու, շատ ծանր ժամանակներ ենք ապրել: Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից: Այդ ռեսթարթն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ: Եվ, բնականաբար, ոչ միայն պարոն Թորոսյանի առաջ, բոլորիս առաջ: Բայց այդ ազդակներն առաջին հերթին պետք է հղվեն վարչապետի աշխատակազմից»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք այս ընթացքում ամենատարբեր իրավիճակներում են եղել, և ըստ էության, գիտեն պետական կառավարման համակարգի բոլոր առավելություններն ու թերությունները. «Որտեղ է, որ կարողանում ենք որակյալ աշխատանք անել և ինչու, որտեղ է, որ մենք չենք կարողանում որակյալ աշխատանք անել և ինչու: Եվ մենք պետք է առավել ևս այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող դնենք, որն ըստ էության հանրությանը մատուցվող ծառայություն է, և այդ ծառայության որակը պետք է բերենք բոլորովին նոր մակարդակի»,- ասել է վարչապետը: Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնեել վարչապետին՝ վերջին երկուսուկես տարիների ընթացքում պատասխանատու պաշտոնը վստահելու համար: «Միանշանակ է, որ շատ բարդ և ծանր օրեր ենք ապրել իրար հետ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ բարդ օրերը միանշանակորեն պատվով հաղթահարել ենք: Ուզում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի անձնակազմին՝ բոլորին, յուրաքանչյուրին անհատապես վերջին երկուսուկես տարիների ընթացքում արդյունավետ աշխատանքի համար: Նաև շնորհակալություն հայտնել փոխվարչապետների գրասենյակներին ևս: Վստահ եմ, որ այդ արդյունավետությունը որևէ կերպ չի նվազի նոր ղեկավարության օրոք, և պարոն Թորոսյանին մաղթում եմ հաջողություն»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը: Իր հերթին Արսեն Թորոսյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին պատասխանատու աշխատանքը կամ ծառայությունը վստահելու համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Աղաջանյանին կատարած աշխատանքի համար և վստահեցնել, որ մենք կպահենք այդ բարձր նշաձողը, և պարոն վարչապետ, Ձեր մատնանշած խնդրի լուծմանը զուգընթաց, կփորձենք այն ավելի բարելավել: Ուզում եմ վստահեցնել աշխատակազմին, որ աշխատանքն ինձ հետ բոլորի համար կլինի հարմարավետ: Չեմ կարծում, որ կարիք կլինի վերլուծական ժամանակաշրջանի, անմիջապես կանցնենք պարտականությունների կատարմանն ամբողջ ծավալով: Վստահ եմ, որ Ձեր մատնանշած ուղղությամբ էական քայլեր կկատարենք: Նույնը, ինչպես Դուք նշեցիք, ակնկալում եմ բոլորից»,- նշել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը Վարչապետ Փաշինյանը կարևորել է այն փաստը, որ Արսեն Թորոսյանի ու աշխատակազմի միջև ծանոթացման և անցումային ժամանակաշրջան չի լինելու: «Մենք նման ճոխություն թույլ տալու հնարավորություն չունենք: Որպես նախարար, Դուք շատ սերտ համագործակցել եք աշխատակազմի հետ և այդ աշխատանքը երկուստեք նորություն չի լինելու: Կրկին հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- եզրափակել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր