211652_close_icon
views-count970 դիտում article-date 11:11 09-02-2021

Որոշեցին, այնուամենայնիվ, կառչել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կիրակի օրը տեղի է ունեցել Փաշինյանի եւ «Իմ քայլի» հանդիպումը, որի արդյունքում «արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»:

Քանի որ ակնհայտ է, որ «Իմ քայլն» ընդունակ չէ որեւէ ինքնուրույն որոշման, հասկանալի է, որ այդ «արձանագրումն» արել է հենց վարչապետը, իսկ պատգամավորները, բնականաբար, ուրախացել են դրանից, որովհետեւ նման զարգացումն ապահովագրում է իրենց մանդատները եւս 3 տարով: Այսինքն՝ Փաշինյանը հավաքել է իր «ստորադասներին» եւ հայտարարել է, որ որոշել է ոչ մի արտահերթ ընտրություններ չանցկացնել, իսկ վերջիններս ոգեւորված ծափահարել են՝ «հա, իհարկե, շատ իմաստուն որոշում է, հեսա մենք դրա համար 100 հատ հիմնավորում կգտնենք»: Հավանաբար, կբացատրեն, որ բոլոր խոսակցություններն այն մասին, որ իրենք կառչած չեն իրենց աթոռներից, իրականում կատակ էին:

Գուցե դա տարօրինակ հնչի, բայց ես չէի ցանկանա, որ այս տարի արտահերթ ընտրություններ կայանան, եթե դրանք անցկացնելու է ներկայիս իշխանությունը, որովհետեւ այդ դեպքում դրանց լեգիտիմությունն իմ մեջ մեծ կասկածներ կառաջացներ: Բացի այդ, ընտրություններն իմաստ կունենային այն դեպքում, եթե քաղաքական ասպարեզում լիներ որեւէ ուժ, որը ելք կառաջարկեր ներկայիս ողբալի վիճակից, ինչը ես, ճիշտն ասած, չեմ տեսնում: Եվ վերջապես, զուտ տեսականորեն՝ ընտրությունները պետք է նպաստեն երկրի կայունությանը, հասարակության միասնականացմանը: Բայց այսօրվա մթնոլորտում դա բացառված է՝ ընտրարշավի ժամանակ լարված կրքերը կարող են բերել նոր ցնցումների: Փաշինյանի՝ որպես պետության ղեկավարի, գործունեությունը մշտապես ուղղված է սկանդալին, հակադրությանը, պառակտմանը, եւ ես չեմ պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր հաղթահարել:

Եթե վարչապետը եւ նրա թիմը չեն գիտակցում, թե ինչ աղետի են բերել ազգին եւ պետությանը, եթե նրանք կարողանում են գիշերները հանգիստ քնել եւ երազներում չեն տեսնում հազարավոր մարդկանց արյունը, ապա, ինչ ասեմ՝ թող վայելեն չեղած պետության մեջ իրենց պաշտոններն ու մանդատները:

Իսկ եթե հերթական կամ արտահերթ ընտրություններում հիմնական մրցակցությունը ծավալվի Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ, ապա ես, որպես քաղաքացի, կափսոսամ ժամանակս՝ ընտրատեղամաս հասնելու համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր