211652_close_icon
views-count1078 դիտում article-date 11:08 12-02-2021

«Լավագույն մտադրությունը» ավտորիտար երկրում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2019 թվականի մարտի 29-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը պատասխանատվություն է նախատեսում, այսպես կոչված, «ֆեյք տեղեկությունների» հրապարակման համար: Օրենքը, մասնավորապես, նախատեսում է տուգանք 400-ից մինչեւ 20 հազար դոլար: Ռուսաստանցի օրենսդիրները «ֆեյքի» տակ հասկանում են, օրինակ, «պետության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք», որի մեկնաբանությունն, իմ կարծիքով, կարող է չափազանց կամայական լինել:

Օրենքի կիրառումը սկսվեց ընդունումից մի քանի օր անց: Առաջինը տուգանեցին հասարակական ակտիվիստ մի աղջկա, որն Արխանգելսկում բողոքում էր աղբանոցի կառուցման դեմ: Նա սոցցանցերից մեկում գրել էր, որ այսինչ օրը այդ հարցով կկայանա բողոքի ակցիա: Ոստիկանությունը որոշել էր, որ դա «ֆեյք» լուր է: Ինչո՞ւ: Որովհետեւ, թեեւ հանրահավաքը կայացավ, այն արտոնված չէր տեղական իշխանությունների կողմից, եւ այդ պատճառով, ըստ ոստիկանների տրամաբանության, տեղեկությունը կեղծ է:

Ասածս ի՞նչ է: Ոչ ժողովրդավարական, ավտորիտար երկրներում (որպիսիք են Ռուսաստանն ու Հայաստանը) ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որն առնչվում է նման խնդիրներին, իրականում մահակ է դառնում իշխանության ձեռքին: Դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ խնդիրները, որոնք օրենքներն իբր կոչված են լուծել, տեղին են: Բայց տեսականորեն ճիշտ մտահոգությունները ավտորիտարիզմի պարագայում ունեն մեկ՝ իշխանության՝ ինքն իրեն ուժեղացնելու նպատակը:

Հենց այդ տեսանկյունից է պետք է դիտարկել «Իմ քայլի» վերջին երկու նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել խոսքի ազատության սահմանափակմանը: Արտաքուստ ամեն ինչ տրամաբանական է թվում: Լրատվամիջոցների իրական սեփականատերերը պետք է «տեսանելի» լինեն հասարակության համար, եւ այդպիսով, զուտ տեսության մեջ, լրատվամիջոցը եւ «ոչ լրատվամիջոցը» պետք է տարբերակվեն: Բայց շատ մեծ է հավանականությունը, որ նման օրենքը (եթե ընդունվի) կիրառվելու է ընդդիմության հեռուստաալիքների դեմ, իսկ իշխանությանը հավատարիմ նույնատիպ «անտեսանելի սեփականատերերը» այդպես էլ անտեսանելի կմնան: Կամ՝ քաղաքացիներն, անշուշտ, պետք է պաշտպանված լինեն վիրավորանքից եւ զրպարտությունից: Բայց օրենքի խստացումն իրական կյանքում կմեկնաբանվի այնպես, որ հե՛նց իշխանավորները պաշտպանություն կստանան ցանկացած սուր քննադատությունից: 

Ինչո՞ւ են ավտորիտար երկրներում նման «խեղումներ» տեղի ունենում: Շատ պարզ. երբ ուժային եւ քննչական մարմինները գործադիր իշխանության գրպանում են, ժողովրդավարությանը եւ խոսքի ազատությանն առնչվող ցանկացած օրենք կիրառվում է դրանց սահմանափակման ուղղությամբ: Ի դեպ, դատական համակարգը Հայաստանում (ի տարբերություն Ռուսաստանի) մասամբ անկախ է, բայց այդ «թերությունը» արդարադատության նախարարը եւ «իմքայլական» մեծամասնությունը շուտով «կշտկեն»:

Ավելի խորքային հարցն այն է, որ Հայաստանում գերակայող տեսակետի համաձայն, մեր հասարակությունը «դեռ պատրաստ չէ» ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը: Բայց դա այլ խոսակցության թեմա է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր