211652_close_icon
views-count1831 դիտում article-date 11:27 17-02-2021

«Լավրովի պլանն» ընդունելի՞ էր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ակնհայտ էր, որ Հայաստանի երրորդ նախագահի՝ «Արմնյուզին» տված ծավալուն հարցազրույցից հետո իշխանության ներկայացուցիչները, կողմնակիցներն ու քարոզիչները անեծքների իրենց չափաբաժինն են արձակելու Սերժ Սարգսյանի հասցեին: Բայց անձամբ ինձ որեւէ մեկին գովելը կամ փնովելը չի հետաքրքրում, պարզապես արձանագրեմ, որ նախկին նախագահի քննադատության մի մասն, իմ կարծիքով, տեղին էր:

Բայց կան սկզբունքային հարցեր, որոնցում Սերժ Սարգսյանի տեսակետն ինձ համար ընդունելի չէ, եւ կան հարցեր, որոնք հավելյալ պարզաբանման կարիքն ունեն: Ես դրա մասին եմ գրում ոչ թե «անցյալը փորփրելու», այլ հասկանալու համար, թե որ ուղղությամբ պետությունը պետք է առաջ շարժվի:

Ես կտրականապես համաձայն չեմ երրորդ նախագահի հետ, որ 2018 թվականի շարժումն իր էությամբ հակաղարաբաղյան էր: Շարժումը բացարձակապես արցախյան բաղադրիչ չուներ: Քաղաքացիները փողոց էին դուրս եկել, որովհետեւ դժգոհ էին Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետից», այսինքն՝ վարչապետի պաշտոնին տեղափոխվելով՝ իշխանությունը պահպանելու ցանկությունից, մարդիկ ցանկանում էին նաեւ վերջ դնել կոռուպցիային եւ կամայականություններին: Նրանք, ովքեր ղեկավարել են այդ շարժումը, նույնպես առաջնորդվում էին այդ օրակարգով:

Այլ հարց է, որ Փաշինյանը եւ նրա թիմը ունակ չեղան ստանձնել պետության ղեկը եւ, մասնավորապես, ապահովել Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Բայց եթե մարդիկ գլուխ չեն հանում պետության ղեկավարումից եւ մտավոր տեսանկյունից այնքան սահմանափակ են, որ դա չեն հասկանում, դա դեռ չի նշանակում, որ նրանց մտադրությունները կեղտոտ են:

Իսկ Արցախի մասին հեղափոխության ժամանակ ասվում էր, որ եթե մենք լինենք ժողովրդավարական եւ կոռուպցիայից զուրկ երկիր, ապա կհաղթենք մեր բոլոր հակառակորդներին: Այդ թեզն, ինչպես պարզվեց, սխալ էր, որովհետեւ մեզ հաղթեցին Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք ամենեւին ժողովրդավար երկրներ չեն, եւ որտեղ իշխանությունը շատ ավելի կոռումպացված է, քան Հայաստանի որեւէ իշխանությունը:

Ավելի կարեւոր է ապագայի տեսանկյունից մեկ այլ խնդիր՝ այն, ինչ պայմանականորեն անվանում ենք «Լավրովի պլան»՝ Արցախը շրջապատող 5, իսկ այնուհետեւ 2 շրջանի զիջում, Լաչինի միջանցքի եւ նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես հայկական տարածքի պահպանմամբ՝ համապատասխան միջազգային երաշխիքներով: Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասում է, որ հակված էր այդ ծրագիրն ընդունել, բայց ՀՀԿ-ականների եւ նրանց առաջնորդի նախորդ հայտարարություններից ամենեւին չէր բխում, որ նրանց համար այդ ծրագիրն ընդունելի էր: Հակառակը՝ անգամ հեղափոխությունից հետո նրանք ասում էին, որ այդ ծրագիրը հերոսաբար մերժել են՝ վկայակոչելով նաեւ Բելառուսի նախագահի խոսքերը:

Իրականությունը, հավանաբար, այն է, որ նախորդ իշխանությունը թեեւ «ոչ» չէր ասում «Լավրովի պլանին», բայց մտածում էր, որ որեւէ ձեւով հնարավոր է խուսափել վերջնական «այո» ասելուց: Ի տարբերություն Փաշինյանի, որը կարծում էր, թե նա այնքան «դուխով» է, որ կարող է, հայերեն ասած, «պասլատ անի» «Լավրովի պլանը»: Չեմ ուզում այստեղ որեւէ մեկին կշտամբել: Ցանկանում եմ, որ դա դաս լինի բոլորիս համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր