211652_close_icon
views-count1349 դիտում article-date 14:51 05-03-2021

Առկա ուսուցմամբ սովորող ուսանողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից. ՊԵԿ

Հարկային օրենսգրքի փոփոխություններով աշխատող ուսանողներին լավ հնարավորություն է տրվել։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝  առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։

Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի  համաձայն՝ վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում՝

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում,

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,

3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը,

4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն ձևի:

Եկամտային հարկը տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով: Միաժամանակ կարևոր է՝ գործատուն պետք է ներկայացրած և վճարած լինի եկամտային հարկը։

Փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչություն, որտեղ ուսումնասիրվում է ուսանողի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով սահմանված պայմաններին և ապահովվում դիմումի հետագա ընթացքը։

Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձման կարգը կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո սկսվող ուսումնական տարիների մասով:

2020-2021 ուսումնական տարում ուսանողները պետք է դիմումները ներկայացնեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում։

 

Նմանատիպ նյութեր