211652_close_icon
views-count126653 դիտում article-date 15:48 09-03-2021

Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. Մալիշկա գյուղում նռնակի պայթյունի հետևանքով 62-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. ըստ վարկածներից մեկի՝ տեղի է ունեցել սպանության փորձ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 13։45-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ նռնակի պայթյունից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային  վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Ազիզյանի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
 
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մալիշկա գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մելիք Նազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալիշկա գյուղի 20-րդ փողոցի իր տան բակից։

Ահազանգով հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Նազարյանը ժամը 13։00-ի սահմաններում գյուղատնտսական աշխատանքներ կատարելու և վառելափայտ հավաքելու նպատակով տան բակում կայանած կցորդը փորձել է ամրացնել իրեն պատկանող ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենային, և այդ ժամանակ կցորդի ամրացման կետում մետաղական մալուխով ամրացված նռնակն ընկել և պայթել է։

Պայթյունի հետևանքով նա կրծքավանդակի և վերջույթների շրջանում  ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ։

Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցից մեկնել են վիրավորի բնակության վայր, որտեղ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են նռնակի օղակ, խողովակաորդ (շտուցեր), մետաղական բեկոր, կցորդիչի անիվից մետաղական բեկորներ, նռնակի ասեղիկ, պայթյունի օջախից 2 կգ հողի մակերևույթ, իսկ տան դիմաց՝ արնանման հետքեր։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր