211652_close_icon
views-count1789 դիտում article-date 13:43 11-03-2021

Մեծ Բրիտանիայի և Բալթյան երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են համագործակցել Բելառուսի և Ուկրաինայի հարցով

Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները Տալլինում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են աջակցել Ուկրաինային՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ինչպես նաև Բելառուսում տիրող իրավիճակը միջազգային ուշադրության կենտրոնում պահելու հարցում:

Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, Էստոնիայի ԱԳ նախարար Եվա Մարիա Լիիմեցը, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչը և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի և Բելառուսի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր: 

«Ես իմ գործընկերներին ասել եմ, որ անհրաժեշտ է շարունակել օգնել Արևելյան գործընկերության երկրներին՝ իրենց ընտրած ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքացիական հասարակության մասնակցության և տնտեսական արդիականացման ճանապարհին: Մենք նաև պետք է աջակցենք Ուկրաինային՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում, և պահենք Բելառուսում տիրող իրավիճակի միջազգային ուշադրության կենտրոնում»,- մանրամասնել է Էստոնիայի արտգործնախարար Էվա-Մարիա Լիյմետսը։ 

Բացի այդ, նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել նաև ՆԱՏՕ-ում համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ, քննարկել են անդրատլանտյան հարաբերությունները և կլիմայական խնդիրները:

Կողմերը նշել են նաև կիբերտիրույթում գործնական համագործակցության և համակարծիք երկրների միջև տեղեկատվության փոխանակման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր