211652_close_icon
views-count2311 դիտում article-date 14:28 18-03-2021

Օրենքի այս նախագիծը մոլեխաղերի դեմ պայքարի իմիտացիա է․ Տիգրան Հակոբյան․ «Առավոտ»

«Առավոտի» հարցերին պատասխանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը

– Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ։ Հեռարձակող կազմակերպություններն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը, հայտարարելով, որ այդպիսի սահմանափակումների արդյունքում նրանք կզրկվեն գովազդային մուտքերի զգալի մասից եւ կհայտնվեն փակման եզրին։ Հանձնաժողովը, որպես այդ ոլորտի կարգավորող մարմին, կիսո՞ւմ է այդ մտահոգությունը:

– Covid-19 համավարակը, արցախյան պատերազմն արդեն գրեթե փլուզել էին գովազդային շուկան։ Եվ վերջին ամիսներին հեռուստառադիոընկերությունների գովազդային մուտքերի 20-ից 35 տոկոսը գոյանում է շահումով խաղերի գովազդից։ Փաստորեն, այդ մուտքերն էին օգնում գոյատեւել հեռարձակողներին։ Ուստի, եթե առաջարկվող փոփոխությունները օրենքի ուժ ստանան, ապա, այո, դա շատ ծանր հետեւանքներ կունենա առաջին հերթին թվային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների համար։

Մի կարեւոր հանգամանք եւս նշեմ։ Նոր օրենքով սլոթ օգտագործող հեռուստատեսությունների բովանդակության հանդեպ բավականին լուրջ պահանջներ են սահմանված. օրինակ, եթերի 20 տոկոսը պետք է կազմեն հանրօգուտ հաղորդումներ՝ մանկական, կրթական, մշակութային, օտարերկրյա ֆիլմերը պետք է թարգմանվեն հայերեն եւ այլն։

Այդ պահանջների կատարումը բարձրացնում է հաղորդումների պատրաստման ինքնարժեքը եւ հավելյալ ֆինանսական բեռ է դառնում հեռուստատեսությունների համար։ Բնական է, որ մրցույթին մասնակցած հեռուստաընկերությունները պլանավորել են իրենց բյուջեները, հաշվի առնելով նաեւ շահումով խաղերի գովազդից սպասվող եկամուտները։ Եվ լիցենզիաների տրամադրումից ընդամենը երկու ամիս հետո կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, կտրուկ փոխում է խաղի կանոնները։ Այդպես չեն անում, սա արհամարհական վերաբերմունք է հեռարձակողների նկատմամբ։

– Բայց չեք կարող չհամաձայնել, որ մոլեխաղերի տարածումը բացասաբար է անդրադառնում մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, այնպիսի խնդիրներ է առաջացնում, ինչպիսիք են գույքի կորուստը, աղքատությունը, քայքայված ընտանիքները, բռնությունը, ինքնասպանությունները։ Եվ այս ամենի դեմ պայքարել է հարկավոր։

– Իսկ ո՞վ է դեմ պայքարին։ Կարող եմ ավելի խիստ արտահայտվել. այդ գեմբլինգի ինդուստրիան չարիք է դարձել, լուրջ մարտահրավեր է հազարավոր ընտանիքների նյութական վիճակի, ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար։ Իմիջիայլոց, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մոլեխաղերից կախվածությունը համարում է հոգեկան խանգարումների տեսակներից մեկը, այսինքն՝ միայն գովազդի արգելքը արդյունավետ չի կարող լինել: Այդ չարիքի դեմ պայքարը ինստիտուցիոնալ լուծում է պահանջում, պետական լուրջ ծրագրերի մշակում եւ իրագործում, որում պետք է ներգրավված լինեն տասնյակ գերատեսչություններ, հասարակությունը: Պայքարը փոխարինել մեկ էջանոց օրենքի նախագծով, եւ երկու էջանոց շատ թույլ հիմնավորումով, իմ կարծիքով, պայքարի իմիտացիա է եւ չեմ բացառում՝ շահագրգիռ լոբբիստական խմբերի ազդեցության արդյունք:

Նկատեմ, որ այդ պայքարում լրջագույն դերակատարություն կարող են ունենալ ռադիոներն ու հեռուստատեսությունները, եթերում համապատասխան բովանդակության հաղորդումներ, սոցիալական հոլովակներ տեղադրելով եւ այլն։ Սակայն չեմ հիշում, որ որեւէ պետական գերատեսչություն տոտո-ների, բեթ-երի եւ այլ խաղերի դեմ պայքարող հոլովակներ պատրաստի եւ տրամադրի հեռուստատեսություններին։ Հակառակը, օրենքի այս նախագծով թուլացնում են հեռարձակողների ռեսուրսը։

– Իսկ միգուցե մտածվա՞ծ են թուլացնում ռեսուրսները։ Կարծիքներ են հնչում, որ Օրենքի նախագիծը քաղաքական ենթատեքստ ունի, եւ, կրճատելով հեռարձակողների եկամտի աղբյուրները, փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունը, իշխանությունների հասցեին հնչող կոշտ քննադատությունը:

– Եթե նույնիսկ կա այդպիսի նպատակ, ապա այն հիմնված է սխալ հաշվարկների վրա։ Այն հեռուստառադիոընկերությունները, որոնք գործում են որպես քարոզչական գործիքներ, մեծ մասամբ սնվում են այլ աղբյուրներից: Ամբողջ գովազդն էլ արգելվի, պրոպագանդայով զբաղվող այդ հեռարձակողները կշարունակեն զբաղվել իրենց գործով։ Առաջին հերթին տուժելու են այն ընկերությունները, որոնք տեսալսողական ծառայությունների մատուցումը դիտարկում են որպես բիզնես: Չմոռանանք, որ հենց բավարար գովազդային մուտքերն են լրատվամիջոցի ազատ եւ անկախ գործելու երաշխիքներից մեկը: Կրճատելով այդ տեսակի եկամուտները, պետությունը գցում է հեռարձակվող մեդիան քաղաքական ուժերի, սեփականատերերի գիրկը, որոնք վճառում են պատվեր կատարելու, այլ ոչ թե հանրային շահը սպասարկելու համար: Բայց չեմ կարծում, որ այդպիսի նպատակ կար նախագծի հեղինակների մոտ: Նպատակները, հուսով եմ, ազնիվ են, պարզապես դրանց հասնելու ընտրված ուղին, մեղմ ասած՝ սխալ:

– Իսկ ո՞րն է Ձեր կարծիքով ճիշտ ուղին:

– Կրկնեմ, մոլեխաղերի դեմ պայքարի պետական ծրագիր է անհրաժեշտ ընդունել (այդպիսիք գործում են բազմաթիվ երկրներում), եւ գովազդի արգելքը բաղադրիչներից միայն մեկը պետք է լինի: Դա քննարկման առանձին թեմա է: Ինչ վերաբերում է գովազդին, ապա այստեղ եւս հայեցակարգային մոտեցում է անհրաժեշտ: Քայլերի առաջնահերթությունն է պետք մշակել, որպեսզի ունքը շտկելու փոխարեն աչքը չհանենք։ Նախ պետք է սկսել արտաքին գովազդից։ Օրինակ, մետրոն լցված է շահումով խաղերի գովազդով. մտեք «Երիտասարդական» կայարան, որով օրական անցնում են հազարավոր երիտասարդներ, ուսանողներ։ Ինտերնետային գովազդով է անհրաժեշտ զբաղվել։ Խոցելի խմբերն այսօր համացանցում են, այնտեղ են խաղադրույք անում, մոլեխաղերի մասին ամբողջ տեղեկատվությունը այնտեղից քաղում։

Իսկ կարգավորվող մեդիային, որը օրենքով սահմանված եւ ֆինանսական միջոցներ պահանջող պարտավորություններ ունի հանրության առջեւ, այս պահին հանգիստ թողնել, անցումային դրույթներ սահմանել, ժամանակ տալ եկամուտների դիվերսիֆիկացման համար, եւ օրենքն ընդունելուց երկու տարի հետո միայն կիրառել գովազդի սահմանափակումները։

Եվ վերջում։ Անհասկանալի օրինաչափություն եմ արձանագրել. մեդիաոլորտը կարգավորող օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելիս, նախաձեռնողները (թե օրենսդիր, թե գործադիր մարմնից) հաճախ հարկ չեն համարում նախապես խորհրդակցել, քննարկումներ կազմակերպել կարգավորող մարմնի հետ։ Դա թույլ կտար խուսափել շատ սխալներից։ Բարեկամական խորհուրդս՝ մի անտեսեք Սահմանադրության եւ օրենսդրության մեջ ամրագրված կարգավորող մարմնի գործառույթներն ու լիազորությունները։

Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր