2020 թ. մարտի 1-ից մինչև 2021թ մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում 5740 բուժաշխատող է կորոնավիրուսով վարակվել
Կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով, առողջապահության նախարարի հրամանի համաձայն, ՀՀ 72 բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կարողությունների համաճարակաբանական դիտարկում է իրականացվել: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք բժշկական կազմակերպություններում չեն պահպանվում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման սահմանված անվտանգության կանոնները:
Մասնավորապես.
1. գրեթե բոլոր բժշկական կազմակերպություններում առկա էին մարդկային կուտակումներ, ԲԿ-ի մուտքերի, վճարման տեղեկատվության տաղավարների, սպասասրահների մոտ միմյանցից առնվազն 1.5 մետր հեռավորություն ապահովող գծանշումները կամ բացակայում էին կամ ունեին թարմացման կարիք,
2. բուժաշխատողների կողմից պատշաճ կերպով չեն կիրառվում անհատական պաշտպանիչ միջոցները, դրանք կիրառվում են մասնակի միայն դիմակի տեսքով կամ կիրառվում են բազմակի, ինչը չի կարող պաշտպանել բուժաշխատողներին մասնագիտական վարակումից,
3. ընդունարաններում և բաժանմունքներում տարանջատված չեն մաքուր և վարակիչ գոտիները,
4. պացիենտներից հետո օգտագործված ցածր ռիսկայնությամբ գործիքները չեն ախտահանվում 70 C0-ի էթիլ սպիրտով, որոշ բժշկական կազմակերպություններում կիրառվող ախտահանիչները չունեն ԱՆ հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց:
Մշտադիտարկում իրականացնող խմբերի կողմից բժշկական կազմակերպություններին տրամադրվել է մեթոդագործնական աջակցություն՝ անվտանգության կանոնների, վարակի հսկողության բաղադրիչների արդյունավետ ներդրման ուղղությամբ: Գերատեսչության և բժշկական կազմակերպությունների վարակի հսկողության պատասխանատուների միջև գործակցությունը շարունակվում է, հետադարձ կապն ապահովված է:
2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի ԲԿ-ների աշխատակիցների շրջանում արձանագրվել է 5740 դեպք, որից Երևան քաղաքում՝ 3472 (60.5%), մարզերում՝ 2268 (39.5%): Վարակված բուժաշխատողների թիվը կազմում է ՀՀ ընդհանուր վարակվածների թվի 3.2 %-ը:
Ըստ համայնքային տարածվածության վերլուծության՝ Երևան քաղաքում (60.5%) և մի շարք մարզերում, հատկապես՝ Սյունիքում՝ (5.5%), Կոտայքում (5.2%), Արարատում՝ (4.7%) ԲԿ-ի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի բացարձակ թիվը համեմատաբար բարձր է:
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բժշկական կազմակերպությունների ղեկավարներին բարձրացնել զգոնությունը կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: