211652_close_icon
views-count3457 դիտում article-date 18:34 21-03-2021

Բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, ովքեր դեռ պահվում են Ադրբեջանում, պետք է անհապաղ ազատ արձակվեն. Human Rights Watch-ի իրավապաշտպան

HRW իրավապաշտպան կազմակերպությունը երկու առանձին զեկույցներ է հրապարակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների մասին, գրում է Ամերիկայի Ձայնը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են բանաձև, որով կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեւարված խաղաղ բնակիչներին, իսկ ԱՄՆ պետքարտուղարությանը հորդորում են բոլոր մակարդակներում երկխոսել Ադրբեջանի իշխանությունների հետ, ներառյալ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու համար: Բանաձևին են միացել ավելի քան 30 կոնգրեսականներ: Ըստ հայկական կողմի, այսօր Ադրբեջանում են գտնվում շուրջ 200 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք:

՛՛Հայաստանի իշխանությունները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջամտել 240 անձանց հարցում, որոնցից ոմանք քաղաքացիական անձինք են՝ չնայած նրանց մեծ մասը ռազմագերիներ են: Այդ գործերից յուրաքանչյուրի վերաբերյալ Եվրոպական դատարանը ներկայացրել է իր միջնորդությունը և տեղեկատվություն պահանջել Ադրբեջանի համապատասխան մարմիններից այդ անձանց ճակատագրի մասին՛՛,-Ամերիկայի Ձայնի հետ զրույցում ասել է HRW իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տանյա Լոկշինան:

Մինչև վերջերս հայկական կողմը չէր հրապարակում Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերջնական թիվը: Օրերս, սակայն, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ՝ ընդգծելով, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։ Երևանը մեղադրում է Բաքվին միջազգային օրենսդրության և եռակողմ հայտարարության խախտման մեջ:

Ադրբեջանն իր հերթին հայտարարում է, որ կատարել է իր պարտավորությունները և եռակողմ համաձայնագրով` Հայաստանին վերադարձրել բոլոր ռազմագերիներին: Ըստ Ադրբեջանի արտգործնախաարի, այսօր Բաքվում պահվող անձինք ռազմագերի չեն, այլ ահաբեկիչներ են: Երևանը ‘’կեղծիք’’ է որակել հայկական կողմին բոլոր ռազմագերիներին փոխանցելու մասին Ադրբեջանի հայտարարությունը:

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տանյա Լոկշինայի կարծիքով անհրաժեշտ է տարբերակել ռազմագերիներին գերևարված քաղաքացիական անձանցից: Միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրությունը արգելում է քաղաքացիական անձանց գերևարումը: Երկու խմբերի պարագայում էլ արգելված են նաև բռնաճնշումները, ասում է իրավապաշտպանը:

՛՛Հաշվի առնելով հատուկ հանգամանքների բացակայությունը, որոնք արդարացնում են գերևարումը, քաղաքացիական անձինք չպետք է կալանավորվեն եւ անհապաղ պետք է ազատ արձակվեն: Ռազմագերիների պարագայում խոշտանգումները և բռնաճնշումների այլ ձևերն արգելված են, ինչպես նաև քաղաքացիական անձանց պարագայում՛՛,-ասում է Լոկշինան:

HRW-ի իրավապաշտպանը պնդում է՝ առայսօր անհայտ է Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց վերջնական թիվը: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ գերևարված քաղաքացիական անձինք մահացել են Ադրբեջանում ազատազրկման ժամանակ: Կազմակեպության օրերս հրապարակած զեկույցում մանրամասներ են ներկայացվել քաղաքացիական երկու անձանց մահվան դեպքերի առնչությամբ:

Առաջին դեպքը կապված է 79 ամյա Էդուարդ Շահգելդյանի հետ, որը բնակվում էր ԼՂ-ի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում և մնացել էր իր տանը՝ չցանկանալով լքել այն, երբ գյուղն անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո: Էդուարդը մահացել է Բաքվի բանտում դեռևս չպարզված հանգամանքներում: Հայաստանում նրա մահվան վկայականի մեջ արձանագրված է գլխուղեղի վնասվածք, ուղեղի այտուց և ուղեղի կենսագործունեության խանգարում:

Մյուս դեպքը պատմում է 44 -ամյա Արսեն Կարախանյանի մահվան մասին, որը բնակվում էր Մոսկվայում ու պատերազմից առաջ եկել էր Հադրութ՝ իր ծնողներին այցելելու: Նա իր տարեց հոր հետ գերևարվել էր ադրբեջանական ուժերի կողմից Հադրութի գրավումից հետո: Նրա մասնակցությամբ մի շարք տեսանյութեր են տարածվել, ուր նա ենթարկվում է ադրբեջանական զինվորականների կտտանքներին: Հետագայում, երբ Եվրոպական դատարանը պահանջել է ադրբեջանական կողմից տեղեկություն տրամադրել Արսենի մասին, հրազենային վնասվածքով նրա մարմինը հայտնաբերվել է հունվարի 15-ին Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ: Ըստ Լոկշինայի՝ բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ Արսենին մահապատժի են ենթարկել:

Կարճ ժամանակ անց HRW-ը հրապարակել է իր հաջորդ զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարում Ադրբեջանում գերության մեջ գտնվող ռազմագերիների նկատմամբ բռնաճնշումներին: Լոկշինան հայտնեց, որ դրա մասին տեղեկությունը հավաքագրվել է նախկին ռազմագերիների հետ ունեցած զրույցներից:

՛՛Զեկույցը մանրամասներ է փոխանցում ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, որը նրանք վերապրել են նախ գերության իրենց առաջին կալանավայրում, որն, ըստ նրանց, Ադրբեջանի ռազմական ոստիկանությունն էր, իսկ այնուհետև՝ Բաքվում՝ անվտանգության նախարարության կալանավայրում: Նրանց նկարագրած խոշտանգումները ներառել են ծեծի դեպքեր, ինչպես նաև մեկ դեպք` էլեկտրականության միջոցով խոշտանգման: Կալանավորման ընթացքում ռազմագերիներին օրերով չի տրամադրվել սնունդ, ինչպես նաև հաճախ օրերով զրկված են եղել խմելու ջրից՛՛,-պատմում է Լոկշինան:

Իրավապաշտպանն ընդգծում է, որ սոցցանցերում հայտնված գերևարված անձանց տեսանյութերն ու լուսանկարներն այս հակամարտության ամենադրամատիկ էջերից են:

՛՛Սոցիալական ցանցերը բառացիորեն ողողված են հայ հանրության համար ծայրաստիճան տրավմատիկ նյութերով: Դրանք մշտական աճող սթրեսի և հուսահատության մեջ են պահում գերևարվածների ընտանիքներին՛՛,- ասում է նա:

Տանյա Լոկշինան շեշտում է՝ հաշվի առնելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները և մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը, Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր բռնաճնշումների հետ կապված հաղորդումները և պատասխանատվության ենթարկի հանցագործներին:

՛՛Գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիները և բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր դեռ պահվում են կալանքի տակ Ադրբեջանում, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Սա է զեկույցի հիմնական եզրակացությունը՛՛,- նշում է HRW-ի իրավապաշտպանը:

Լոկշինան ընդգծում է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը և այն խոշտանգումները, որոնց ենթարկվում են նրանք, Հայաստանի հանրության ամենացավալի հարցերից են:

Նմանատիպ նյութեր