211652_close_icon
views-count5385 դիտում article-date 18:41 01-04-2021

Սոցապ ծառայությունը թոշակառուից ստաժի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել, որոնք արդեն ներկայացված են եղել. ՀՔԱՎ

Դատարանի որոշմամբ՝ պետությունը թոշակառուին կվճարի այդ հիմքով չվճարված կենսաթոշակը. 

2021 թվականի մարտի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ս․ Է․-ի՝ հայցը, որով նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնից պահանջում էր գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու 01.01.1992 - 01.04.1999 թվականների ժամանակահատվածը ընդհանուր աշխատանքային ստաժում ներառել։

2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ  Ս․ Է․-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ կենսաթոշակի իրավունքի իրացման շրջանակում առկա խոչընդոտների հարցով։ Նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում էին ՀՔԱՎ  փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։

Դեռևս 2013 թվականի նոյեբերին Ս․ Է․-ին նշանակվել և մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ վճարվել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ․ ընդ որում ընդհանուր աշխատանքային ստաժում հաշվառված է եղել նաև 01.01.1992 - 01.04.1999 թվականներին գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելը՝ հողի սեփականաշնորհման վկայականի և տարածքային բաժնի տրամադրած` այդ ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարված լինելու մասին տեղեկանքի հիման վրա: Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո Ս․ Է․-ը կենսաթոշակ այլևս չի ստացել:

Այնուհետև 63 տարին լրանալուց հետո դիմել է Սոցապ ծառայության Վանաձորի տարածքային բաժին՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար: Աշխատանքային ստաժում հաշվի չի առնվել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու հանգամանքը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել փաստաթղթերին կցել 01.01.1992 - 01.04.1999 ժամանակահատվածի համապատասխան անդորրագրեր և տեղեկանքներ: Ս․ Է․-ը դիմել է Նախարարություն՝ խնդրելով կենսաթոշակ նշանակելիս հաշվառել վերոնշյալ հանգամանքը, սակայն Նախարարության որոշման մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչի պատճառով էլ հայց է ներկայացրել դատարան։

Այսպես՝ վարչական մարմինը Ս․ Է․-ից պահանջում էր ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնք հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար արդեն իսկ ներկայացվել էին Բաժին և հաստատվել էին։ Մինչդեռ ըստ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ դրա անհրաժեշտությունը չկար։ 

Այդ հիմքով Դատարանը վճռեց բավարարել Ս․ Է․-ի հայցը և պարտավորեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնին ընդունել վարչական ակտ՝ գյուղատեսական նշանակության հողի սեփականատեր լինելու 01.01.1992 - 01.04.1999 ժամանակահատվածը Ս․ Է․-ի ընդհանուր աշխատանքային ստաժում ներառելու մասին և վճարել այդ շրջանի համար չվճարված կենսաթոշակը։

Փաստորեն իրավասու մարմինը շրջանցում էր օրենքն ու կամայական պահանջներ ներկայացնում՝ խախտելով քաղաքացու իրավունքները, որոնք հնարավոր եղավ վերականգնել միայն դատարանի միջոցով։

Նմանատիպ նյութեր