211652_close_icon
views-count1110 դիտում article-date 22:22 06-04-2020

ՀՔԱՎ. Սոցապնախարարությունն արձագանքել է ՀՔԱՎ գրասենյակի գրությանը՝ Վանաձորի մանկատան շրջանավարտի բնակապահովման վերաբերյալ

2020 թվականի մարտի 31-ին իրավական պաշտպանության նպատակով ՀՔԱՎ գրասենյակ է դիմել Վանաձորի մանկատան շրջանավարտ, 19-ամյա Լ. Ռ.-ը: Գրասենյակին հասցեագրված դիմումի մեջ երիտասարդ աղջիկը մանրամասն ներկայացրել է այն վիճակը, որում հայտնվել է՝ բնակարան չունենալու պատճառով: Լ.-ը գրասենյակին պատմել է, որ ունի առանց ծնողական խնամքի մնացածի կարգավիճակ, մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու պետական ծրագրի շահառուներից է: Սահմանված ժամկետներում և կարգով ստացել է սոցապնախարարության տրամադրած բնակարանի գնման վկայագիրը, գտել համապատասխան բնակարան, եկել համաձայնության տիրոջ հետ և 2020թ.-ի մարտի 3-ին գործընթացին անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ գնման ենթակա տան սեփականության ու բնակարանի գնման վկայականների, ինչպես նաև անձնագրի պատճեններն, անձամբ տարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Լ.-ին տեղեկացրել են, որ մյուս բոլոր շրջանավարտների նման, իրեն ևս կպատասխանեն եռօրյա ժամկետում։ Ըստ այդմ նախարարությունը նրան պիտի պատասխաներ մարտի 6-7-ին, մինչդեռ անցել է 1 ամիս՝ բայց Լ. Ռ.-ն այդպես էլ պատասխան չի ստացել նախարարությունից: Մանկատան շրջանավարտը փորձել է կապ հաստատել նախարարության հետ բոլոր հնարավոր միջոցներով՝ թեժ գծի հեռախոսահամարներից մինչև էլեկտրոնային նամակ՝ ապարդյուն: Երիտասարդ աղջիկը ստիպված դիմել է ՀՔԱՎ՝ հույսով, որ կազմակերպության միջոցով կկարողանա հստակություն մտցնել անորոշ այդ իրավիճակում: ՀՔԱՎ-ին նա պատմել է, որ չունենալով բնակության կոնկրետ վայր, ճարահատյալ ընկերուհիների կամ ծանոթների տներում է բնակվում, չունի աշխատանք, հայտնվել է խիստ ծանր սոցիալական կացության մեջ և բնակարանի խնդրի օր առաջ կարգավորումն իր համար կենսական կարևորություն ունի: ՀՔԱՎ-ը գրությամբ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ տեղեկանալու ինչու մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել: Ի դեպ, ելնելով խնդրի հրատապությունից, կազմակերպությունը ևս փորձել է կապվել նախարարության հետ՝ խնդրի վերաբերյալ պարզաբանումների ակնկալիքով: Ցավոք, նախարարության հետ կապ հաստատելու՝ ՀՔԱՎ գրասենյակի փորձերը ևս պսակվել են անհաջողությամբ. զանգերին ոչ ոք չի պատասխանել։ Վերոգրյալը հիմք ընդունելով, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 51-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածներով՝ գրասենյակը սոցապնախարարից խնդրել է պարզաբանումներ՝ ինչու մինչ օրս չեն պատասխանել Լիլիթ Ռամազյանի դիմումին, ինչ ժամկետներում և երբ է նախարարությունը նախատեսում կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած աղջկա բնակարանի գնման և բնակապահովման գործընթացը, արդյոք արտակարգ դրության ռեժիմը որևէ կերպ անդրադարձել է դիմումին չպատասխանելու, զանգերին չարձագանքելու գործընթացին։ Ակնկալելով, որ նախարարությունը սեղմ ժամկետներում կզբաղվի անօթևան մնացած աղջկա բնակապահովման խնդրի պատշաճ կարգավորմամբ՝ այսուհետ բացառելով նման անհետևողական գործելաոճը, ՀՔԱՎ գրասենյակը, միաժամանակ հույս է հայտնել, որ նախարարությունը չի խախտի օրենքով սահմանված կարգն ու ժամկետները՝ իր գրությանը պատասխանելու առումով՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ տեղեկություն ստանալու քաղաքացիների գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը 2020 թ. մարտի 27-ի պատասխան գրությամբ ՀՔԱՎ գրասենյակին տեղեկացրել է, որ Լ. Ռ.-ի դիմումը նախարարության փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ է մուտքագրվել 2020 թ. մարտի 23-ին, 2 օր անց՝ ուղարկվել Քաղաքաշինության տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմին, որի պատասխանն ստանալուն պես՝ սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի: Ա. Մինասյանը միաժամանակ ծանուցել է, որ Լ. Ռ.-ի բնակարանի գնման վկայագիրը վավեր է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:

Նմանատիպ նյութեր