211652_close_icon
views-count1474 դիտում article-date 12:13 25-07-2024

Նոր փոփոխություն. ՊՊԾ-ում գաղտնի աշխատակիցների ծառայությունը կհաշվարկվի նրանց ստաժի մեջ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում լրացում կատարեց իր որոշումներից մեկում, որով ԱԱԾ-ից առանձնացված ՀՀ պետական պահպանության ծառայության հաստիքային գաղտնի աշխատողների ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով կմտնի ծառայության ընդհանուր ստաժի մեջ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ սահմանված են օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները։

Համաձայն Որոշման հավելվածի 1-ին կետի՝ ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային մարմինների և քրեակատարողական ծառայությունում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:

Որոշումն ընդունելու պահին գործող կարգավորումների համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը գործել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում՝ գրասենյակի կարգավիճակով, ուստի քննարկվող Որոշման դրույթները հավասարապես տարածվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։

2023-ին ԱԱԾ-ից առանձնացման եղանակով ստեղծվել է ՀՀ պետական պահպանության ծառայությունը եւ ՊՊԾ ծառայողները դուրս են մնացել քննարկվող այդ որոշման կարգավորման շրջանակներից:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ՊՊԾ-ում  համապատասխան պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով կներառվի օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:

Նմանատիպ նյութեր