211652_close_icon
views-count1640 դիտում article-date 10:11 08-04-2021

Հիմա Հայաստանը մերժելու հերթն է․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական պրոյեկտ, ամբողջ ընթացքում գործել է նեգատիվ հարթությունում։ Խնդիրը միայն նրա ընդդիմադիր կենսագրությունը չէ, այլ մտածողությունը, աշխարհայացքը, արժեհամակարգը։ Այդ նեգատիվի գագաթնակետը եղավ 2018 թվականը, երբ «մերժիր Սերժինը» նրա համար ճանապարհ հարթեց դեպի իշխանություն։ Նա իշխանության եկավ ոչ թե հանուն ինչ- որ նպատակի կամ գաղափարի, այլ հենց նեգատիվիզմի, մերժման շնորհիվ։ Իսկ գաղափարաբանական, փիլիսոփայական առումով դա սկզբունքորեն տարբերվում է դասական ընդդիմադիր գործունեությունից։

Իշխանությունը՝ ի թիվս բազմաթիվ այլ առաքելությունների, պետության ու հասարակության առաջ ունի պոզիտիվ, կառուցողական պարտավորություններ, որոնք, սակայն, հնարավոր չէ իրագործել՝ որպես աշխարահայացք ու գործունեության առանցք որդեգրելով մերժողականությունը։ Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը կամ չկարողացավ, կամ չցանկացավ հասկանալ դա, ինչի արդյունքում անցած երեք տարիներին պետական, հանրային էներգիայի առյուծի բաժինն ուղղվեց իրականում անպտուղ պայքարների, դատարկ ելույթների, «արդարության վերականգնման» անվան տակ իրականացված իրավական կամայականությունների ու ամենաթողության, ներքին թշնամիներ կերտելու ու նրանց դեմ պատերազմելու՝ պետության ու հասարակության շահի տեսանկյունից ոչինչ չտվող գործընթացների վրա։

Իսկ երբ արդեն պետք էր պայքարել ոչ թե մտացածին ներքին թշնամիների, այլ միանգամայն իրական արտաքին թշնամու դեմ, նեգատիվիզմի ռելսերի վրա դրված, սևերի ու սպիտակների բաժանված պետությունը չկարողացավ դիմակայել այդ մարտահրավերին, և արձանագրվեց խայտառակ պարտությունը՝ դաժան հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանն անգամ երկրի ղեկավարի կարգավիճակում շատ հաճախ իրեն դրսևորում է՝ որպես ընդդիմադիր գործիչ։ Դրա պատճառը, սակայն, ընդդիմադիր գործունեության հանդեպ նրա անհագուրդ սերը չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի անհատական և քաղաքական մոտիվատորների հիմքում դրված է մերժումը՝ երևույթի նեղ և լայն իմաստներով, կառուցելու, արարելու անկարողությունը։ Իր կարիերայի ընթացքում նա մերժել է բոլորին ու ամենայնը։ Հիմա Հայաստանը մերժելու հերթն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր