211652_close_icon
views-count1779 դիտում article-date 10:52 08-04-2021

Պուտինի և Էրդողանի ծրագրերն իրականացնողները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Վլադիմիր Պոզներին որոշակի անհանգստություն առաջացրեց իշխանության ներկայացուցիչների եւ կողմնակիցների շրջանում: Նրանք իրավամբ գտնում են, որ Ռուսաստանում դաշնային ալիքները գտնվում են Կրեմլի կարծր վերահսկողության տակ, եւ այստեղից հետեւություն են անում, որ Մոսկվայում որպես Հայաստանի «գեներալ-նահանգապետ» գերադասում են տեսնել Քոչարյանին: Այդ մտավախությունը, կարծում եմ, չափազանցված է:

Անձամբ Պուտինի համար Քոչարյանը, թերեւս, ավելի «սրտամոտ» է, բայց պետություններն առաջնորդվում են ոչ թե լիդերների անձնական համակրանքով, այլ պետական շահերով: Իսկ այդ առումով կարելի է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս վարչապետը որեւէ ձեւով չի հակադրվում Կրեմլի կամքին եւ «հեզությամբ» իրականացնում է այն ծրագրերը, որոնք Հարավային Կովկասի համար մշակել է Պուտինը իր վստահելի բարեկամ Էրդողանի հետ:

Մեզ, իհարկե, կարող են փորձել խաբել, թե խոսքը, մասնավորապես, «բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է», բայց մենք այնքան միամիտ չենք՝ չհասկանալու համար, որ Պուտինի հետ համաձայնեցված թուրքական ծրագիրը նախատեսում է միայն Սյունիքի մարզով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելը, որքան էլ «միջանցք» բառը մեր իշխանությունները հերքեն: Փաշինյանը դե՞մ է այդ ծրագրին, դրա փոխարեն ինչ-որ պահանջնե՞ր է դնում հիմնական խաղացողների առջեւ: Բնականաբար, ոչ: Եթե Քոչարյանը վարչապետ դառնա, նրա վարքագիծը ա՞յլ կլինի: Դարձյալ ոչ: Ուրեմն ի՞նչ տարբերություն Կրեմլի համար, թե ով է նստելու Հայաստանի գահին:

Նույն երկրորդ նախագահը Պոզների հետ հարցազրույցում, պատասխանելով ռեւանշի մասին հարցին, ասել է, որ մեր պետության եւ բանակի ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, ռեւանշի մասին մտածելն անիրատեսական է: Եվ դա, անշուշտ, ճիշտ է: Սակայն, ըստ Քոչարյանի, ամեն ինչ դեռ կորած չէ, եւ հնարավոր է վերականգնել Արցախի տարածքը գոնե նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում: Բայց ինչպե՞ս: Քոչարյանը, հավանաբար, չգիտի: Մենք էլ չգիտենք:

Կամ, օրինակ, Քոչարյանն ասում է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել շատ ավելի վաղ փուլերում՝ առանց մեծ տարածքային կորուստների եւ հազարավոր զոհերի: Դա, իհարկե, նույնպես ճիշտ է, բայց մենք դա առանց Քոչարյանի էլ գիտենք: 

Այսպիսով, եթե մի պահ վերանանք քաղաքական նախասիրություններից, ես առայժմ չեմ տեսնում, թե ինչով է Հայաստանի երկրորդ նախագահը այլընտրանք ներկայիս վարչապետին: Խոսքը ոչ թե նրա իշխանության օրոք տեղի ունեցող լավ կամ վատ իրադարձությունների մասին է, այլ այսօրվա Քոչարյանի՝ մի քաղաքական գործչի, որն այս ողբալի վիճակում հավակնում է վարչապետի աթոռին: Որեւէ մեկը առանց պաթոսի՝ չոր վերլուծական լեզվով կարո՞ղ է ինձ բացատրել տարբերությունը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր