211652_close_icon
views-count3544 դիտում article-date 10:47 24-04-2021

Ինչի՞ց սկսել մեր պարտված պետության դեպքում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երկրորդ աշխարհամարտում պարտված, ջախջախված հետպատերազմյան Գերմանիայի առաջին կանցլեր Կոնրադ Ադենաուերն ասում էր. «Երբ ուրիշները մտածում եմ, որ դու վերջացած ես, ահա հենց այդ ժամանակ էլ պետք է սկսել»: Հարց է՝ ինչի՞ց սկսել մեր պարտված պետության դեպքում: Փորձեմ այդ հարցին պատասխանել՝ այսրոպեական «տեղեկատվական աղմուկը» հաշվի չառնելով:

Հայաստանում հարցերի լուծումը սովորաբար փնտրում են անձերի մեջ՝ մտածելով, որ եթե մարդը համապատասխանում է պարկեշտության եւ հայրենասիրության ինչ-որ պատկերացումների (որոնք, բնականաբար, չափազանց հարաբերական են), ապա ազգը, պետությունը կբռնի բարգավաճման ճանապարհը: Բայց «բարգավաճումն» էլ, իր հերթին, բավականին մշուշոտ հասկացություն է՝ ՀՆԱ՞-ն է, դրա «արդար» բաշխո՞ւմն է, մարդկանց դեմքին հայտնված ժպի՞տն է, կամ գուցե ինչ-որ ահասարսուռ զինատեսակ ունենալն է՝ հաշվի առնելով մեր հարեւանների «առանձնահատկությունը»: Իսկ գուցե «բարգավաճման» խնդրին մոտենանք ա՞յլ կողմից, եւ ենթադրենք, որ դրա հիմքը մարդիկ են, քաղաքացիները, որոնք գիտեն իրենց անելիքը եւ իրենց տեղն են գտել այս կյանքում: Այդ դեպքում թերեւս պետությունն էլ կգտնի իր տեղը:

Ինչպե՞ս է մարդը հասկանում իր կոչումը: Կան բազմաթիվ պատմություններ, որ այս կամ այն հայտնի անձնավորությունը մարգարեական երազ է տեսնում, որտեղ հրեշտակները նրան պատմում են, թե ինչպես է պետք ապրել: Դեմ չեմ, թերեւս այդպես էլ է պատահում: Բայց այդ երազը տեսնելու համար պետք է ինչ-որ հիմք, որը դրվում է արթմնի վիճակում. մարդու (հասարակության, ազգի) երազանքը, նրա ապագա կյանքի տեսլականը ձեւավորվում է, ի վերջո, գիտակցված գործողությունների արդյունքում:

Անհատի մակարդակով ե՞րբ են սկսվում այդ գործողությունները: Կարծում եմ, առնվազն մանկապարտեզային տարիքից: Ահա այդ պահին են երեխաների կյանքում հայտնվում մարդիկ, որոնք, կարելի է ասել, ճակատագրական առաքելություն ունեն՝ տեսնել յուրաքանչյուր մարդու մեջ առկա «աստվածային ծրագիրը»՝ ոչ պակաս: Ուրեմն, մանկապարտեզի դաստիարակները, դպրոցի ուսուցիչները, բուհի դասախոսները հասարակության համար ամենակարեւոր մարդիկ պետք է դառնան: Պատահական չէ, որ նույն հետպատերազմյան Գերմանիայում կրթությանը եւ առաջին հերթին՝ հանրակրթությանը տրվում էր վճռորոշ նշանակություն:

«Էկոնոմիա» (oikonomia) բառը եվրոպական դիսկուրսում հայտնվել էր առնվազն 1000 տարի շուտ, քան այն կիրառել են տնտեսագետները: Այդ հասկացությունը զուգորդվում էր հունարեն մեկ այլ եզրի հետ՝ «պայդեյա» (paideia)՝ կրթություն, պեդագոգիկա: Ինչի՞ մասին է խոսքը: Ըստ մեր թվարկության առաջին դարերի աստվածաբանների՝ ինքը՝ մարդկության պատմությունը, կարող է դիտարկվել որպես հսկայական ուսուցողական գործընթաց, որտեղ մարդը շարժվում է դեպի կատարելություն ՝որոշակի աստվածային ծրագրի համաձայն:

Կհարցնեք, ինչո՞ւ այսօրվա սյունակը կապ չուներ ապրիլի 24-ի հետ: Ինձ թվում է՝ ուներ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր