211652_close_icon
views-count1429 դիտում article-date 13:17 04-05-2021

«Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» առցանց ձևաչափը՝ պատմական նոր փուլի սկիզբ

Համավարակի պատճառով «Ֆուտբոլը` հանուն բարեկամության» ծրագիրն այս տարի կրկին կանցկացվի կիբերսպորտի միջոցառման ձևաչափով: Մայիսի 1-ին  ավարտվել են «Գազպրոմ» ընկերության կողմից անցկացվող «Ֆուտբոլը հանուն բարեկամության» մանկական սոցիալական ծրագրին մասնակցության հայտերի ընդունման ժամկետները։ Մայիսի 14-ին արդեն կմեկնարկեն 9-րդ մրցաշրջանի միջոցառումները։

211 երկրների ներկայացուցիչներ՝ տղաներ և աղջիկներ (12-ից 14 տարեկան) կձևավորեն 32 բարեկամական հավաքականներ՝ Համաշխարհային առցանց ֆուտբոլային առաջնությանը մասնակցելու համար։ Մրցումները կրկին տեղի կունենան f4f World ֆուտբոլային սիմուլյատորում։

«Ֆուտբոլը` հանուն բարեկամության» նախագծի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սերովի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակի և դրա հետ կապված սահմանափակումների պատճառով որոշում է կայացվել 2020 թվականից ժամանակավորապես անցնել թվային ձեւաչափի:

Նա նշել է՝ կազմակերպիչները ցանկանում են այնպես անել, որ ամբողջ աշխարհում երեխաները չկորցնեն միմյանց  և ծրագրի ինը կարևոր արժեքների հետ կապը՝  բարեկամության, հավասարության, արդարության, առողջության, խաղաղության, նվիրումի, հաղթանակի ավանդույթների և պատվի։
Ֆուտբոլային սիմուլյատորի հարթակում իրական ժամանակում կարող են կազմակերպվել միջազգային թիմային մրցումներ։

F4f World-ը հնարավորություն է տալիս պատանիներին խաղալ տարբեր լիգաներում, ստեղծել սեփական ակումբներ կամ հրավիրել պատահականորեն ընտրված խաղացողների ամբողջ աշխարհից: 2021 թվականին սիմուլյատորը ստեղծող Data Art ընկերությունը խաղի մեջ ավելացրել է մի քանի նոր առանձնահատկություններ։

«Ֆուտբոլը` հանուն բարեկամության» ծրագրի հաջող նախաձեռնություններից մեկը մանկական ֆուտբոլի համավարակի պայմաններին հարմարվելու մասին քննարկումների ձեւաչափի նախաձեռնումն է: Այս ոլորտում ավելի քան 100 հաջողված նախագծեր են ներկայացվել «Ֆուտբոլը` հանուն բարեկամության» միջազգային համաժողովում 2020 թվականին: 

Այս տարի 9-րդ մրցաշրջանի գլխավոր միջոցառումների շարքում տեղի կունենան մանկական ֆուտբոլի բարեկամական միջազգային առցանց ճամբարը, 2021 թվականի «Ֆուտբոլը` հանուն բարեկամության» մրցույթը,  ինչպես նաև մանկական ֆուտբոլի ազգային դեսպանների համաժողովը։

ՈւԵՖԱ-ի տեխնիկական զարգացման դեպարտամենտի ղեկավար Ֆրենկ Լուդոլֆը, խոսելով ծրագրի մասին, հույս է հայտնել, որ պանդեմիան մոտ ապագայում կդառնա միայն հիշողություն, և բոլոր ֆուտբոլային ու մարզական միջոցառումները կրկին իրական հարթակներում կանցկացվեն։ Նա հաջողություն է մաղթել խաղի մասնակիցներին և կազմակերպիչներին ու նշել, որ այս ձևաչափը կնպաստի  ֆուտբոլի պատմության մեջ նոր փուլի մեկնարկին՝ խաղալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ նոր ձևաչափով։

Նմանատիպ նյութեր