211652_close_icon
views-count3620 դիտում article-date 15:43 07-05-2021

Երրորդ ուժը մեր ամբողջ ժողովրդի հավաքական ներուժն է․ Ռազմիկ Դավոյան. News.am

Մայիսի 9-ին պետք է գնալ Ազատության հրապարակ և լսել Ռոբերտ Քոչարյանի խոսքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, փոխանցում է News.am-ը։

«Այն մարդիկ, որոնք ասում են, որ ոչ մեկի չեն ընտրելու, ցանկանում են տեսնել երրորդ ուժ, պետք է հասկանան, որ երրորդ ուժը մեր ամբողջ ժողովրդի հավաքական ներուժն է։ Այդ հավաքական ներուժը խոհեմաբար հավաքեք այն անձանց շուրջը, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից։ Չե՞նք տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ միասին կարող են դուրս բերել երկիրն այս վիճակից և ժողովրդին ու երկիրը տանել փրկության ճանապարհով։ Ես սա եզրակացնում եմ Լավրովի խոսքի երանգներից և ուղղակիորեն լսում եմ այս մարդկանց բերանից, որ մենք կարևորագույն որոշ բաներ վերադարձնելու հնարավորություններ ունենք և չենք տալու մեր երկրի թանկագին մասը՝ Նժդեհի պաշտպանած մասը, թուրքերին և ազերիներին։ Եթե ճանապարհի հարց կա, այդ հարցը կլուծվի մեր ռազմավարական դաշնակցի ակտիվ մասնակցությամբ, եթե մենք նոր ղեկավար ունենանք»,- ասաց նա։

Ըստ Ռազմիկ Դավոյանի՝ համահայկական նշանակություն ունեցող հարց է գործող իշխանություններին հեռացնելը, սակայն կարևոր է նաև, որ իշխանությունը պատասխանատվություն կրի իր գործած սխալների համար։

«Փառահեղ ու ազնվական մի սերնդի հավաքեցին ու տարան։ Կրակի համար ցա՞խ էին հավաքում, տարան, վառեցին, կրակ արեցին և ազերիների ոտքերի առաջ սկսեցին տաքացնել իրենց ձեռքերը, դեռ Ամերիկային էլ հրավիրեցին, որ իր ձեռքերը տաքացնի։ Ո՞վ պետք է սրա պատասխանը տա։ Սրա հետ անմիջականորեն կապված է մեր գերիների ու անհետ կորածների հարցը։ Ինչպե՞ս կարելի է այս ամենի պատասխանը չտալ»,- ընդգծեց Ռազմիկ Դավոյանը։

Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ մի փոքր զանգված մնացել է, որ թեկուզ առանց հավատալու այս իշխանություններին, շահագրգիռ է ու իր ձայնը տալու է նրանց։

«Հորինելով այս ընտրությունները՝ Փաշինյանն իր տերերին ասում է, որ ես գնում եմ մինչև վերջ իմ խոստումները կատարելու, որ նրանք չասեն՝ դու որտեղ կանգնեցիր։ Եվ գնում է դրան, որ պարտվելով ընտրություններում,  նրանց ասի՝ ես մեղք չունեմ, որ պարտվեցի։ Սա արդեն հարցի մի լուծում է իր համար։ Բայց եթե այս իշխանությունը գնում է հաղթելու և վերարտադրվելու, ապա դա միանգամայն կործանարար է»,- ավելացրեց Ռազմիկ Դավոյանը։

Նմանատիպ նյութեր