211652_close_icon
views-count2919 դիտում article-date 23:55 23-05-2021

Շրջանակներ կան, որ ուզում են հայ-իրանական հարաբերություններին վնաս հասցնել. Փույա Հոսեյնի

«Շրջանակներ կան, որ ուզում են հայ-իրանական հարաբերություններին վնաս հասցնել: Այդ շրջանակների համար ոչ ժամանակն է կարևոր, ոչ առիթը: Երբեք ոչ մի առիթ բաց չեն թողնում երկու հարևան և բարեկամ երկրների հարաբերությունները վնասելու համար: Իրենց համար ոչ մի բան նշանակություն չունի, նույնիսկ եթե վնասվում են իրենց սեփական երկրի շահերը», ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի ղեկավար Փույա Հոսեյնին:
 
«Ճի՛շտ է, որ հայ զինվորի կյանքի մասին խոսելու և հետաքրքրվելու համար ժամանակ գոյություն չունի: Դա շատ զգայուն թեմա է, որի հետ պետք է նուրբ և զգույշ վարվել: Ես անձամբ ամիսներ առաջ, երբ նման բանի մասին լսեցի, Իրանում տարբեր խողովակներով հետաքրքրվեցի՝ տղաների Իրանում հնարավոր գտնվելու լուրի վերաբերյալ: Սակայն անարդյունք էր:
 
Ինչքան օրեր երանի էի տալիս, որ այդ լուրը ճիշտ լինի, որ տղաները ողջ-առողջ գտնվեն, որ ոչ թե Ադրբեջանում լինեն, այլ՝ Իրանում, որովհետև համոզված եմ, որ եթե Իրանում լինեն, ապա իրենց ոչ մի վտանգ չի սպառնում: Եվ իրենց հետ մինչև վերադարձ ամեն ինչ կարգին կլիներ: Ճիշտն այսպես կլիներ, որ եթե ինչ-որ լուր կամ կասկածներ կային, ապա լուռ հետևեինք և հետևողականորեն փնտրեինք նրանց:
 
Հիմա որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ի՛նչ է կատարվում հարյուրավոր անհայտ կորած զինվորների ընտանիքների հետ, ի՛նչ հոգեվիճակում են նրանք հայտնվում՝ ամեն անգամ նման լուրեր լսելիս: Հիմա հարյուրավոր ընտանիքներ մտածում են, որ մեր տղան կարող է այդ 160 զինվորների մեջ լինել: Արդյոք պատկերացնո՞ւմ եք նրանց ապրումները: Ինչո՞ւ այսքան ամիսների ընթացքում չէ՛ին անդրադառնում այդ թեմային, եթե ուզում էին անդրադառնայ:
 
Իմ մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց ա՛յս ժամանակահատվածում, երբ Իրանը բազմապատկել է իր աջակցությունը Հայաստանի տնտեսության և անվտանգության ուղղությամբ, և աշխատում է Հայաստանին ներգրավվել միջազգային մեգա-նախագծերի մեջ, ինչը կտրուկ և ամբողջական կփոխի Հայաստանի վիճակը, երբ որ թշնամին սահմանում և սահմանից ներս սադրում է նոր պատերազմ, ինչո՞ւ հատկապես հիմա…, չարաշահելով անհայտ կորած զինվորների ընտանիքների զգացումները, արդար կասկածները, մտահոգությունները, ինչո՞ւ լրատվամիջոցի «աղբյուրը» երկու ամիս առաջ նման բանի մասին չէր հայտարարում…
 
Ընտրված ժամանակից բացի, այդ լուրի ճշմարտություն կամ սխալ լինելու առումով, հետաքրքիր է լրատվամիջոցի տեքստի բովանդակությունը… Այն, որ իբրև թե «Իրանը օրինակ է վերցրել Ադրբեջանից՝ գերիների փոխարեն ինչ-որ նախապայմաններ է ներկայացնում»: Իրանը ի՞նչ նախապայման կամ պահանջ պետք է դնի … Նման որակումները, ապատեղեկատվությունները հրապարակելը ակնհայտ փորձ է և միտում է՝ հայ հանրության մեջ այդ զգայուն թեմայով հակաիրանական տրամադրություններ ստեղծելու:
 
Հիմա անդրադառնանք ավելի կարևոր հարցի. հանրության մեջ հակաիրանական տրամադրությունների բարձրացումը և հայ-իրանական հարաբերություններին վնաս հասցնելը այս ժամանակահատվածում, երբ Հայաստանի անվտանգությունը վտանգված է, ո՞ւմ կարող է ձեռնտու լինել և ովքե՞ր են դրա շահառուները…
 
Անհայտ կորածների և գերիների հարցերը առաջնային կարևորություն ունեցող հարցեր են, որոնք հրատապ են: Բայց չարաշահել այդ թեմաները և խաղալ անհայտ կորածների ընտանիքների զգացումների հետ՝ անընդունելի է: Ես ուզում եմ լավատես լինել, որ այդ լրատվամիջոցի հիշյալ քայլի մեջ միտում չկա, և որ դա անզգուշության արդյունք է: Երանի՜ տղաների Իրանում գտնվելը ճիշտ լիներ…, ինչը, ցավոք, հերքվեց Իրանի կողմից: Իմ խորին համոզմամբ, նման դեպքում տղաներն Իրանից Հայաստան կվերադառնային առանց նախապայմանների:
 
* Ի լուր աշխարհի. հայ-իրանական հարաբերությունները օր-օրի զարգացում կապրեն՝ ի շահ մեր երկու երկրներ ու ժողովուրդների, և մենք թույլ չենք տա, որ որևէ բան խանգարի դրան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր