211652_close_icon
views-count2643 դիտում article-date 17:14 26-05-2021

Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասում կբացվի բուժկետ

Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասի ակումբի շենքում կբացվի եւ կգործի բուժկետ։

Ինչպես  տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս պահին շուրջ 30 տարի չգործող շենքի մի հատվածում ընթանում են շինարարական աշխատաքններ։ Ծրագիրն իրականացվում է 1 «Սեւան-Գրենոբլ» համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում, որի օպերատորն է «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիան:

Առողջապահական ծրագրերի իրականացման եւ այդ ոլորտում կարիքների գնահատման ժամանակ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից, որպես առաջնահերթություն, նշվել է Գոմաձոր թաղամասում բուժկետ ունենալու անհրաժեշտությունը: Նշված առաջնահերթությունն արդեն դարձել է կոնկրետ ծրագիր, որի շնորհիվ նախ`հիմնանորոգվում են տասնամյակներով չգործարկվող ակումբի շենքի տանիքը, շենքի`բուժկետին հատկացված տարածքը, ապա` Գոմաձորի բնակիչները շուտով կարող են օգտվել բուժկետի ծառայություններից` ստանալով 1-ին օգնություն:

Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերին նույն ծրագրի շրջանակում իր դռները բացեց Սեւան համայնքի Գագարին գյուղի բուժամբուլատորիան` հիմնանորոգված եւ կահավորված վիճակում:

Գագարինում առողջապահական ուղղվածության 1-ին ծրագիրն էլ իրողություն դարձավ մանկապարտեզում, որտեղ «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության կողմից վերանորոգվեց եւ կահավորվեց Գագարինի մանկապարտեզի բուժկետը: Հիշեցնենք, որ Սեւանի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզի բուժկետն էլ է հիմնանորոգվել ասոցիացիայի կողմից` Սեւան-Գրենոբլ համագործակցության շրջանակում:

Միաժամանակ, 2019 թվականին համայնքի բոլոր մանկապարտեզները ստացել են անհրաժեշտ բուժսարքավորումներ եւ գույք` մանկապարտեզների տնօրենների կողմից ներկայացված պահանջագրերի հիման վրա:

Սեւանի բժշկական կենտրոնը եւս ներառված է առողջապահական ուղղվածության ծրագրերում` բուժսարքավորումների տրամադրման եւ միջին բուժանձնակազմի վերապատրաստման ձեւաչափերով: Գոմաձոր թաղամասի բուժկետի գործարկումն էլ դառնալու է իրականացված ծրագրերի տրամաբանական շարունակությունը»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Նմանատիպ նյութեր