211652_close_icon
views-count4325 դիտում article-date 15:05 16-06-2021

Եթե կողմ ես Էրդողանին նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և քվեարկիր Փաշինյանի օգտին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը «Դեպի իրական ընդդիմություն» վերտառությամբ թռուցիկ է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում ասվում է․

«Հունիսի 15-ին Էրդողան-Ալիև թուրքադրբեջանական զույգն եղել է Արցախում, իսկ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարությունը նախընտրական քարոզարշավի հետ համատեղող Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքում։

Երկու դեպքում էլ կողմերը եղել են զրահապատ ու առհասարակ թանկարժեք մեքենաների հսկա շարասյան ուղեկցությամբ, անհամար թիկնազորով, մեծաթիվ սպասարկուներով, այդ թվում և քաղաքացիական անձերի հանդերձավորված ոստիկանական պատկառելի ծառայակազմով։

Երկու դեպքում էլ ձեռնարկվել են անվտանգության ապահովման արտակարգ քայլեր, պետական սահմանը վերցվել է կրկնակի ուժեղացված հսկողության տակ։

Երկու դեպքում էլ պահպանվել է աղուհացով դիմավորման արարողակարգը, սակայն ուշադիր աչքից, այնուամենայնիվ, չի վրիպել՝ թվիքսյան Էրդողան-Ալիև զույգին դիմավորել են սրտաբաց ու խնդուն, մինչդեռ երկրորդինը հիշեցրել է կրկեսային անհաջող բեմականացում։

Երկու կողմն էլ առատորեն հյուրասիրվել է՝ քամելով բաժակներ, սակայն Նիկոլ Փաշինյանն իր բաժին սեղանից, այնուամենայնիվ, հեռացել է աչք չկտրելով։ Հյուրասիրությունն արձանագրել է ևս մեկ տարբերություն՝ խմած կենացները եղել են տարբեր տոնայնության․ թուրք–ադրբեջանական զույգը գավաթները քամել է հանուն տոնած հաղթանակի, երկրորդը պարզապես էքստազի մեջ է ընկել խմիչքի առատությունից՝ աջ ու ահյակ գլխավերևում թափահարելով իր վերջին օրերի «քաղաքագիտական» մեծագույն հայտնությունը՝ չաքուջը։

Երկու կողմն էլ եղել է կողակիցների ուղեկցությամբ։ Էրդողանի կինն իր հանդերձի մեջ եղել է նվիրյալ հետևորդը մուսուլմանական գործող օրենքների, Մեհրիբանը ներկայացել է Արևելքի հարստությունն ու Արևմուտքի նրբաճաշակությունը մեկտեղած զգեստով, իսկ Աննա Հակոբյանը նախապատվությունը տվել է աշխատանքային տաբատ-վերնաշապիկ համադրմանը։

Երկու կողմն էլ ժամանման վայր է ներկայացել նվերներով։ Թուրքական միասնության ավագ եղբայրը կրտսեր եղբորը բերել է «բայրաքթարների» նոր խմբաքանակ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացել է հարազատ կուսակցության բյուլետեններով։

Երկու կողմն էլ ժամանման վայրից հեռացել է նվերներով։ Առաջինը կրտսեր եղբորից ստացել է արցախյան զտարյուն նժույգ՝ «Հաղթանակ» խորհրդանշական անունով, երկրորդին սյունիքյան ընտրազանգվածը ընծայաբերել է թափառական շուն՝ նույնքան խորհրդանշական «Գժուկ» անվամբ։

Երկու կողմի այցն էլ ունեցել է խիստ ընդգծված գործնական կողմ։ Թուրք-ադրբեջանական անբաժան երկյակը Շուշիում ստորագրել է ստրատեգիական նշանակության համաձայնագիր, որի առանցքում տարածաշրջանային առկա ու ուրվագծվող զարգացումներն են՝ Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու դիպուկ նշանառությամբ, երկրորդը շարունակել է բարբաջել Սյունիքով Նախիջևան բացվելիք, մեզ համար աղետալի հետևանքներ ունենալիք միջանցքից։

Առանցքային այս ու խորքային այլ բաներ հաշվի առնելով՝ միջազգային փորձագիտական միտքն Էրդողանի գլխավորությամբ թուրք–ադրբեջանական զույգի հայտնվելը Շուշիում գնահատում է որպես միջազգային նշանակության իրադարձություն, մինչդեռ նիկոլական թափառախմբի ժամանումը լավագույն դեպքում դիտարկվում է որպես ձախողված այց հայաստանյան մի տարածաշրջան, որը տանելով տանել չի կարողանում Արցախը մանրադրամի վերածած, երկիրը վաճառքի հանած կապիտուլյանտի գոյությունը։

Արցախում արդեն և Էրդողանի ներկայությունը մարսելուց հետո, եթե կողմ ես նրան տիրոջ իրավունքով նաև Սյունիքում տեսնելուն, ուրեմն գնա և հունիսի 20-ին քվեարկիր Նիկոլ Փաշինյանի օգտին, քանզի քո այդ ընտրությամբ դրա՛ն ես արժանի»։

Նմանատիպ նյութեր