211652_close_icon
views-count4103 դիտում article-date 16:50 18-06-2021

«Ֆանտազիաներ». Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները

«Տաշիր» ընկերությունների խումբը «անհեթեթություն» է որակել իր նախագահ Սամվել Կարապետյանին  Ադրբեջանի ուղղած մեղադրանքները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնում է Tert.am-ը։

«Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են և ոչ մի հիմք չունեն», - ասված է «ՌԻԱ Նովոստի» -ի տրամադրության տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի արտաքին կապի բաժնի հայտարարության մեջ:

Ընկերությունից հայտնել են, որ Կարապետյանի դեմ քրեական գործը, որի մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հարուցվել է «քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու շինծու մեղադրանքով»: «Այն, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ, զայրույթ է առաջացնում և անընդունելի է»,-ասել են ընկերության մամուլի ծառայությունում:

«Ինձ զարմացնում է այն, թե ինչ համառությամբ են ադրբեջանական իշխանությունները շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլինի իրենց էներգիան ուղղեն իրենց կողմից քանդված տարածաշրջանի վերականգնմանը»,-մեջբերում է մամուլի ծառայությունը Կարապետյանի խոսքերը:

Միևնույն ժամանակ ընկերությունը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տարիներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և հումանիտար ծրագրեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ: «Արդյունքում այդ օբյեկտներից մի քանիսը ոչնչացվել են ադրբեջանական բանակի կողմից: Միևնույն  ժամանակ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են մահացել»,-ասել են մամուլի ծառայությունից:

«Տաշիր» ընկերությունների խումբը և անձամբ Սամվել Կարապետյանը մարդասիրական օգնություն են ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել հայ ժողովրդին և ռազմական բախումների ընթացքում տուժած խաղաղ բնակիչներին ,-ասված  է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ:

2021 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, իսկ գլխավոր դատախազության քննչական վարչությանը հանձնարարվել է հետաքննել գործը: Հայ գործարարների նկատմամբ կալանքն ընտրվել է որպես խափանման միջոց և հայտարարվել միջազգային հետախուզում:

Նմանատիպ նյութեր