211652_close_icon
views-count1914 դիտում article-date 14:02 22-06-2021

Ռուսաստանն անում է հնարավորը հայ գերիներին վերադարձնելու համար. ՌԴ դեսպան Կոպիրկին

Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանն ի սկզբանե արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գերիների վերադարձն իրականացվի և գործընթացն այս ուղղությամբ առաջ գնա: Այստեղ մեծ է անձամբ գեներալ Մուրադովի՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի դերը: Այս հարցով զբաղվում են նաև Ռուսաստանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, այս խնդրի լուծումը մեծ ջանքեր է պահանջում», - շեշտեց ռուսաստանցի դիվանագետը:

Դեսպան Կոպիրկինը դժվարանում է ասել՝ Հայաստանում քաղաքական վերջին պրոցեսի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտվելը կակտիվացնի՞ արդյոք գերիների վերադարձի գործընթացը, բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդիրը Ռուսաստանի մշտական ուշադրության կենտրոնում է, և աշխատանքն այս ուղղությամբ շարունակվելու է:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանն ասաց, որ Մոսկվան ողջունել է այդ քայլը՝ ավելացնելով, որ այդ փոխանակումն էլ, իր կարծիքով, տեղի չէր ունենա, եթե չլիներ ռուսական կողմի և ռուսաստանյան խաղաղապահների նախապատրաստական և շատ շոշափելի աշխատանքը:

Նմանատիպ նյութեր