211652_close_icon
views-count3518 դիտում article-date 22:46 27-06-2021

Բրիտանիայում ավտոբուսի կանգառում ռազմական գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել

Լոնդոնից ոչ հեռու` Քենթ կոմսության ավտոբուսի կանգառում, հայտնաբերվել են ռազմական գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են նաև Սև ծովում բրիտանական HMS Defender ռազմանավի հետ կապված միջադեպին։

BBC-ի ձեռքն ընկած փաստաթղթերը վկայում են, որ բրիտանացի զինվորականները մանրակրկիտ պլանավորել են բրիտանական ռազմանավի Ղրիմի մոտով անցնելու կուրսը` չբացառելով ռուսական ռազմածովային և օդուժի ագրեսիվ արձագանքը։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստաթղթերը կորցնելու փաստը, նշելով, որ հանգամանքները պարզելու համար հետաքննություն է կատարվում։

Պաշտպանության նախարարությունը կրկին պնդել է, որ բրիտանական ռազմանավը խաղաղ անցում էր իրականացնում Ուկրաինայի ջրային տարածքով։

Ղրիմն ու թերակղզու ջրային տարածքը Մոսկվան համարում է Ռուսաստանի մաս։ Ռուսաստանը հայտարարել էր, թե բրիտանական ռազմանավը խախտել է իր սահմանը։ Օդեսայից Վրաստան նավարկող HMS Defender հածանավը Ղրիմի մոտ կուրսը փոխել էր ռուսական օդուժի և սահմանապահ նավերի նախազգուշական կրակոցներից հետո։

Բրիտանիայում 50 էջանոց գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել են անցած երեքշաբթի առավոտյան Քենթ կոմսության ավտոբուսի կանգառի աղբարկղում։ Փաստաթղթերը գտած անձը հասկացել է, որ դրանք գաղտնիքներ են պարունակում և հանձնել է BBC-ի խմբագրությանը։

HMS Defender ռազմանավի առաքելությունից բացի, փաստաթղթերը գաղտնի տվյալներ են պարունակում նաև Աֆղանստանում բրիտանական զորքերի մասին։

Նմանատիպ նյութեր