211652_close_icon
views-count3461 դիտում article-date 21:52 27-06-2021

«Առաջին Հանրապետությունը 2 տարի տևեց, երրորդը՝ 30 տարի, կարող ենք մեզ սփոփել՝ մենք ավելի երկար գոյություններս քարշ տվեցինք». Վահան Թումասյան. 168.am

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Շիրակի մարզում հավաքել էր ընտրելու իրավունք ունեցողների քվեների 65.22 %-ը: 168.am-ը մարզի բնակիչների սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանից հարցրեց, թե իր համար սպասելի՞ էին ընտրության այս արդյունքները և հատկապես այն, որ ամբողջ Հայաստանում Շիրակը ՔՊ-ին երկրորդ ամենաշատ քվե տված մարզն է:

«Եթե նույնիսկ չլիներ գերիների հարցը, երբ մարդը տեսնում է, որ պրոբլեմներ կան, ու բավարար չեն իշխանությունների գործողությունները, եթե նույնիսկ լավ իշխանություն է, բայց առավել ևս, երբ որ ծայրահեղ աղքատություն գոյություն ունի, միշտ պետք է դեմ քվեարկի գործող իշխանություններին, իմ համոզմունքը սա է: Օրինակ, իմ պարագայում, ես 30 տարի իշխանություն չունեմ, չի եղել մի դեպք, որ ընտրեմ ու անցնի: Իհարկե շշմելու է, ինչքան էլ տեխնոլոգիաներ օգտագործվեին, համոզեին մարդկանց և այլն, նման արդյունքը… ես, անկեղծ ասած, մեծ հույսեր չէի կապում քաղաքական պրոցեսների, ընտրությունների հետ, բայց նաև շոկի մեջ չեմ հայտնվել, հասկացել եմ, որ այդ է մեր վիճակը, հասարակությունը մոլորության մեջ է, հասարակությունը կարծես այլընտրանք չի գտնում, անսպասելի էին այդ բարձր տոկոսները, բայց ինչ արած»,- ասաց Թումասյանը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը մեզ հետ զրույցում պատմեց, որ բարձր ջերմաստիճանով ու շոգ եղանակով պայմանավորված երաշտը անտարբեր չի անցել նաև Շիրակի մարզի կողքով, սակայն այս դեպքում էլ գյուղացիներին ձեռք մեկնելու գործընթացներ չկան:

«Հիմա ամբողջ Շիրակի մարզում, հատկապես՝ Անիի նախկին վարչական շրջանում, սարսափելի երաշտ է, չտեսնված նախորդ տարիներին, և առհասարակ չկա դրա արձագանքը, նույնիսկ հասարակական արձագանք չկա: Մարդ եթե, հեռու տնից- տեղից, մահանում է, գոնե գնում սիրտ են տալիս, չէ՞, հիմա մասսայաբար մարդիկ կործանվում են, գյուղացիներն անելանելի վիճակի մեջ են, ոչ միայն աջակցող չկա տվյալ պարագայում, այլ նաև սիրտ տվող չկա, ինչ-որ խոսք, ինչ-որ սփոփանք, որ՝ ոչինչ, ձեր անասուններն այս տարի կջարդվեն, հաջորդ տարի հնարավոր է՝ դուք կարողանաք նոր անասուններ ունենալ, այս պարագայում մարդիկ չգիտեն՝ ինչ հետևություններ անել:

Չեմ ուզում այս ամբողջ գործընթացները կապել քաղաքական, ընտրական գործընթացների հետ, քանի որ այս «ընտրություններ» երևույթն ինձ համար արդեն վարկաբեկվել է, ես չունեմ պատրաստի դեղատոմս, թե լավ, ո՞նց իշխանություն ձևավորենք, բայց ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանության ձևավորումը նույնիսկ ընտրությունների եղանակով, եթե 2018-ին հեղափոխական եղանակով էր ինքն իրեն վարկաբեկել, հիմա արդեն ընտրությունների եղանակով, ի՞նչ ձևով իշխանություն ձևավորել, արդեն չեմ հասկանում, դրա համար մարդիկ մոլորված են: Հիմա որ նայում եմ՝ գյուղերում անասունները սարից մի կերպ իրանց քարշ են տալիս, գալիս են գոմ, առավոտ ստիպված ծեծել-ջարդելով՝ չոբանները հանում են սար, որովհետև կենդանին, եթե սարում ոչինչ չկա, չի ուզում գնալ, եթե չոբանի մահակը չլինի, հաստատ չի գնա, գոմից դուրս չի գա: Հիմա այդ ծանր վիճակում քար լռություն, կարծես թե ոչինչ էլ չի եղել, զուտ կործանվում է ամբողջ պետությունը, մի մարզ, երկիր, սովորական է, այնպես սովորական են ընդունում, ինտերնետի մեջ, վաղը-մյուս օր այդ լույսն էլ կկտրեն, գյուղացին ապրում է կովով, դրա կաթով, եթե խոտ չկա…»:

Մանրամասները՝ 168.am-ում

Նմանատիպ նյութեր