211652_close_icon
views-count5038 դիտում article-date 23:56 29-06-2021

Մարդիկ հավատում են, որ նախկիններն են ստիպել, որ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունը ստորագրվի և կան զանգվածներ, որոնք հավատում են դրան. Ռոբերտ Քոչարյան

Tert.am-ը գրում է. Ժողովուրդը մեծ տեղեկատվական ճնշման է ենթարկվել, և երբ կարծիք ձևավորողների այդ բանական ինստիտուտը փլուզվում է, տեղեկատվական ճնշումը շատ ավելի ուժգին է դառնում: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ և դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Մեր շտաբերի աշխատողները ինձ ասում էին հետևյալը, որ կան բազմաթիվ մարդիկ, որ համարում են՝ վարչապետին ուղղակի պարտադրել են նախկինները ստորագրել նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունը, մարդկանց այդպիսի բացատրություն են տալիս վարչապետին արդարացնելու համար, և կան զանգվածներ, որոնք հավատում են սրան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաև նշեց՝ հավատալ, որ նման իրավիճակում կարող ենք ունենալ պայծառ ապագա, չափազանց կասկածելի է:

«Մեր խնդիրներից մեկը պետք է լինի ապագայում անել ամեն ինչ, որ այս իրավիճակից մեր հասարակության մի մասին կարողանանք հանել»,- նշեց նա:

Դաշինքի ղեկավարը նաև հարց ուղղեց իր թիմին, թե ի՞նչ հարց են լուծել արտահերթ ընտրությունները, որոնք ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար էին:

«Ներքաղաքական ճգնաժամը ստեղծվել է 1-ին հերթին պատերազմում պարտվելու, հողային կորուստներ ունենալու և բազմաթիվ մարդկային զոհեր ունենալու պատճառով, և այս արտահերթ ընտրությունները իրենց նպատակին չեն ծառայել»,- նշեց նա:

Նա նաև ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը այն ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամը հաղթահարելու համար:

«Իմ կանխատեսումներն են, որ մենք արտահերթ ընտրություններ ենք ունենալու 1,5 տարի հետո և հասունանալու է նոր ընտրությունների պահանջարկը»,- նշեց նա:

Ռոբերտ Քոչարյանը նաև ներկայացրեց, թե ինչ է պատրաստվում անել «Հայաստան» դաշինքը և ընդգծեց, որ հանգիստ չեն թողնելու այն իշխանությանը, որը պատճառ դարձավ մեր պարտության, զոհերի, Շուշիի և Հադրութի կորստին:

«Մենք ցույց ենք տալու, թե ով է մեղավոր և ինչպես է այս արհավիրքը կախվել մեր երկրի գլխին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր