211652_close_icon
views-count2334 դիտում article-date 10:05 03-07-2021

Գումարելիների տեղափոխությունից ոչինչ չի փոխվում. ամբողջ իշխանական թիմն է ձախողված․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բայց ամեն անգամ, երբ այս իշխանությունները խոսում են բարեփոխումների մասին, մարդու սարսափ է գալիս, թե էլ ինչ նոր փորձանք են բերելու մեր երկրի ու ժողովրդի գլխին: Հիմա նրանք խոսում են կադրային ջարդի մասին, կադրային մեծ փոփոխությունների մասին, ու սա ավելի վախեցնող է: Չէ՞ որ իրենց վարած կադրային քաղաքականության արդյունքում, երբ մի շարք պետական մարմինների առանցքային պաշտոններում փողոցից այնպիսի մարդիկ նշանակվեցին, որոնք ոչ միայն համապատասխան գիտելիքներ ու փորձ, այլև անգամ գաղափար չունեին, թե ինչ է պետական կառավարումը, պետական գերատեսչությունների մեծ մասի աշխատանքը պարզապես կաթվածահար եղավ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

Իրականում պետական համակարգը դիմադրում էր դիլետանտությանը, անգործությանը, ամենօրյա ձախողումներին, քաոսին: Հիմա Փաշինյանն ակտիվորեն ձեռնամուխ է եղել կադրային նոր տեղափոխումներին և նշանակումներ անելուն: Դե, եթե հաշվի առնենք, որ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը, նաև վարչապետի նշանակումը տեղի կունենա մոտավորապես հուլիսի վերջին, ապա մի 10 օր էլ կառավարություն կձևավորվի, ստացվում է, առաջիկա 1-1,5 ամիսը Փաշինյանը հանրության ուշադրությունը կզբաղեցնի կադրային թեմաներով, նոր նշանակումների ու ազատումների շուրջ բուռն քննարկումներով։ Իրականում իր աղքատիկ թիմով առավելագույնը, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, մասնակի «ռակիրովկաներ» անելն է, ոչ ավելին: Պետական համակարգում իր ձախողված որոշ թիմակիցների կտեղափոխի կառավարման այլ օղակներ կամ օրենսդիր մարմին, նրանց փոխարեն կնշանակի այլոց, որոնք ոչ պակաս ձախողված են, ոմանց կպահի իրենց տեղերում, թեպետ ձախողման գծով մյուսներին չեն զիջում: Այս ամենի նախանշաններն արդեն կան:

Սակայն հարցն այն է, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, իսկ «քայլողների» դեպքում՝ պարզապես ոչինչ չի փոխվում, քանի որ ամբողջ թիմն է ձախողված՝ առաջին դեմքի հպարտ գլխավորությամբ: Եվ արդեն կապ չունի, թե իշխանության որ ներկայացուցիչը ինչ պաշտոնում կարող է նշանակվել։ Ինչ կադրային փոփոխություն էլ անեն, միևնույնն է, նրանք այլևս չեն կարող ազատվել խայտառակության խարանից, չեն կարող որևէ օգտակար, հայանպաստ գործ անել։ Միգուցե նաև սեփական բարդույթների արտացոլման արդյունքում է, որ իշխանությունները պետական համակարգի աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու փոխարեն կադրային ջարդով են սպառնում։ Ի վերջո, պրոֆեսիոնալների ու իրենց գործի գիտակների ֆոնին իրենց ապաշնորհությունն ավելի է ընդգծվում, ուրեմն՝ պետք է ամբողջ պետական համակարգն ապահովել բացառապես իրենց նմաններով..․»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր